«Փյունիկ» հիմնադրամը Ծիծեռնակաբերդում եղեւնի տնկեց՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի «Հիշողության պուրակում» Ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» հիմնադրամը տնկեց եղևնի:
Արարողությանը ներկա էին Սփյուռքի, Կրթության եւ գիտության, ինչպես նաեւ Մշակույթի նախարարներ Հրանուշ Հակոբյանը, Լեւոն Մկրտչյանը եւ Արմեն Ամիրյանը, «Մատենադարան»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը եւ այլք:
Եղեւնու կողքին տեղադրվեց «Մեծ եղեռնի զոհերի հիշատակին «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համանախագահներ Լեւոն Սարգսյանի եւ Գաբրիել Չենբերջյանի կողմից» գրությամբ հուշատախտակը:
«Անշուշտ ապրիլի 24-ի առիթով մեզ պատիվ տրվեց մեր հիմնադրամի անունով մեկ ծառ տնկելու, քանի որ հիմնադրամը Ցեղասպանության թանգարանի վերակառուցման գործում մեծ աշխատանք էր տարել: Ցանկացանք մենք էլ հայտնի մարդկանց կողքին մեկ ծառ ունենալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Գաբրիել Չենբերջյանը:
Հիմնադրամի ներկայացուցիչները նաև հարգանքի տուրք մատուցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ: