Սերգեյ Ավետիսյանը տրամաբանական է համարում ՀՀ-ում ռուսական ավիաընկերությունների լայն ներկայացվածությունը

Armenpress 12:30, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ավիացիոն շուկայում ռուսական շատ ավիաընկերությունների լայն ներկայացվածությունը պայմանավորված է այն հանգամանքով,որ Հայաստանում շատ պահանջված են դեպի Ռուսաստան թռիչքները: Ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: «Այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Պատասխանն առաջարկի և պահանջարկի տրամաբանության մեջ է: Հայաստանում իսկապես շատ պահանջված են դեպի Ռուսաստան թռիչքները, դրա համար էլ ձևավորվում է համապատասխան առաջարկը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ավետիսյանը:

Նա հավելեց, որ եթե լինի պահանջարկ դեպի Եվրոպա, այդ դեպքում կձևավորվի նաև համապատասխան առաջարկ Եվրոպայից: «Դրա համար մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ ստորագրել Եվրոպական Միության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը, որպեսզի կարողանանք ստեղծել համապատասխան իրավական ֆունդամենտ, որ տնտեսավարողները և ավիաընկերությունները Հայաստան մուտք գործելու պարագայում իրենց ավելի հարմար և ապահով զգան»,- ընդգծեց քաղավիացիայի գլխավոր վարչության պետը:

Նրա խոսքով` ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև տարածաշրջանում մրցունակ շուկա ունենալու տեսանկյունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am