ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից

Armenpress 21:45, 28 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, նման որոշում է ընդունվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում, որին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխվարչապետները:

Մաքսային օրենսգրքի հետ մեկտեղ ուժի մեջ կմտնեն նաև հանձնաժողովի կողմից ընդունված և առաջնահերթ ևս 25 որոշումներ: Դրանք վերաբերվում են տնտեսական օպերատորների լիազորություններին, ֆիզիկական անձանց կողմից բեռնափոխադրումների նորմերին և այլն:

Մաքսային համագործակցության հարցերով նախարար Մուկայ Կադիրկուլովը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամներին տեղեկություններ է հաղորդել Եվրասիական տնտեսական միության անդամ յուրաքանչյուր երկրում «մեկ պատուհան»-ի մեխանիզմ ձևավորելու աշխատանքների վերաբերյալ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am