Հայաստանի հետ նախաստորագրված նոր համաձայնագիրն ամենաամբիցիոզն է ԵՄ և ԵԱՏՄ անդամի միջև. Սվիտալսկի

Armenpress 12:59, 8 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրելու համար պատրաստ կլինի 2017թ. աշնանը: Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: «2017 թվականի հունվարին, երբ ես կրկին այստեղ հանդիպում էի ձեզ հետ, նշեցի, որ 2017 թվականը Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցության առումով նշանակալի իրադարձություններով լի տարի կլինի: Եվ հիմա ես շատ ուրախ եմ, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության փաստաթուղթը նախաստորագրվել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սվիտալսկին:

Նա հավելեց, որ այս պահին ԵՄ փորձագետներն աշխատում են փաստաթղթի տեխնիկական վերիֆիկացման վրա: Սվիտալսկին հույս հայտնեց, որ աշնանն այն պատրաստ կլինի ստորագրման համար: «Սա Եվրոպական Միության և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի միջև ամենաամբիցիոզ համաձայնագիրն է»,- ընդգծեց Պյոտր Սվիտալսկին:

Միևնույն ժամանակ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ընդգծեց, որ ամենակարևորը համաձայնագրում ընդգրկված դրույթների կյանքի կոչումն է: «Համաձայնագիրը Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցության լայն հնարավորություններ է բացում: Ինչպես կօգտագործվեն այդ հնարավորությունները, կախված է մեզանից: Ուստի, մենք` որպես Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակություն, պատրաստվում ենք այս համաձայնագիրը ճիշտ օգտագործելուն»,- նշեց Սվիտալսկին:

Հայաստանը և Եվրոպական Միությունը համաձայնեցրել են նաև «Համագործակցության հեռանկարներ» կոչվող փաստաթուղթը: «Ես կարող եմ ասել, որ այս կարևոր փաստաթղթի կետերը համաձայնեցվել են Հայաստանի և Եվրոպական Միության միջև: Հայաստանը հերթական անգամ կարևորագույն դեր է կատարում, որովհետև Արևելյան գործընկերության միակ երկիրն է, որ Եվրոպական Միության հետ բանակցել է այս նոր փաստաթղթի շուրջ, որը կոչվում է «Համագործակցության հեռանկարներ»»,- ընդգծեց Սվիտալսկին:

Նա հույս հայտնեց, որ առաջիկայում ՀՀ-ն և ԵՄ-ն կստորագրեն նաև այդ փաստաթուղթը: «Ես իմ կողմից կարող եմ ասել, որ բանակցություններն անցել են շատ կառուցողական մթնոլորտում և արդյունավետ են անցել: Այս ամենը հույսեր է ներշնչում ապագայում փաստաթղթի կետերը կյանքի կոչելու համար»,- եզրափակեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախաստորագրվել է 2017թ. մարտի 21-ին: Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը նախաստորագրել են գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ինչպես նաև առևտրական հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Եվրոպական միության անունից նախաստորագրել են գլխավոր բանակցող, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը, ինչպես նաև ԵՄ կողմի առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am