Թուրք ազգայնամոլները հարձակվել են Էրդողանի այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների վրա

Armenpress 09:32, 17 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցարարների վրա հարձակված ու դաժան հարվածներ հասցրած թուրք ազգայնամոլների ձեռքին եղել է Թուրքիայի դրոշը:

«Նման հարձակումներ չենք ակնկալել տեսնել ԱՄՆ մայրաքաղաքում, հակառակ նրա, որ դրանք սովորական են Էրդողանի կառավարած Թուրքիայում եւ այլ բռնատիրական երկիրներում։ Թուրքիան փորձում է իր անհանդուրժողականությունը Միացյալ Նահանգներ փոխադրել»,- այս առնչությամբ հայտարարել է Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ով հարձակման մի մասը տեսագրել է և տեղադրել Հայ Դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:   Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am