«Տաշիր» ընկերությունը գնել է «Իզվեստիայի» խմբագրության շենքը

Armenpress 16:43, 22 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տաշիր» ընկերությունների խումբն ավարտել է Մոսկվայում «Իզվեստիայի» խմբագրության շենքի գնման գործընթացը և սկսել է վերակառուցման աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով իր աղբյուրները: Ըստ աղբյուրի, նախագծով նախատեսվում է նոր արդիական բազմաֆունկցիոնալ համալիր ստեղծել, որի համար ներդրումները կկազմեն մոտ 150 մլն դոլար:

Ճակատային մասը կմնա անփոփոխ, սակայն կավելանա նոր համալիր, որը կունենա 250 հյուրանոցային համար, գրասենյակային տարածքներ, հանրային սննդի և առևտրի ձեռնարկություններ: Կվերակառուցվի միայն շենքի վերգետնյա մասը:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը և հիմնադիրը Սամվել Կարապետյանն է, որին Forbes-ը դասել է ՌԴ ամենահարուստ մարդկանց շարքում`32-րդ հորիզոնականում $3.4 մլրդ կարողությամբ: Մարտի 25-ին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնարկեցին «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեությունը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am