ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունը կարկտավտանգավոր ամպեր է վնասազերծել երեք մարզում

Armenpress 21:42, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 10 կայանքներից մայիսի 24-ին, ժամը 17:28-ից մինչև 18:13-ը Արագածոտնի մարզի Արագածավան, Լուսակն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 2130 կրակոց:

Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, մայիսի 24-ին, ժամը 17:27-ից մինչև 18:20-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 24 կայանքներից Արմավիրի մարզի Բագարան, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Լեռնագոգ, Դարալիկ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 6608 կրակոց:

Պաշտպանվող տարածքներից մասնակի թույլ կարկուտ է տեղացել Արգինա, Քարակերտ, Լեռնագոգ համայնքներում:

Մայիսի 24-ին, ժամը 14:05-ից մինչև 14:45-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 7 կայանքներից Լոռու մարզի Օձուն 1, Օձուն 2, Հագվի, Կարմիր Աղեկ, Այգեհատ, Ծաթեր, Արևածագ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 450 կրակոց:

Վայոց ձորի մարզի Աղնջաձոր համայնքում տեղացել է կարկուտ (նշված համայնքը չի պաշտպանվում հիդրոմետ ծառայության կողմից):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am