Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գործարար հանդիպում է կազմակերպվել

Armenpress 10:29, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում մայիսի 24-ին ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ և Կալիֆորնիայի խորհրդատվական ընկերության աջակցությամբ տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին Լոս Անջելեսի, Օրինջի մարզերի, Գլենդեյլ և Լոս Անջելես քաղաքների առևտրի պալատների ղեկավարներ, բիզնես ոլորտի խորհրդատվական կառույցների անդամներ և ամերիկյան խոշոր և միջին ընկերությունների ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ Վալերի Մկրտումյանը ներկայացրեց Հայաստանի ներդրումային միջավայրը՝ անդրադառնալով օրենդրությանը, հեռանկարային ոլորտներին և գործարար պոտենցյալին:

Քննարկման մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև «KPMG» միջազգային հեղինակավոր խորհրդատվական ընկերության վերլուծությանը Հայաստանի ներդրումային հնարավորությունների, հարկային քաղաքականության ու Հայաստանի կառավարության կողմից ներդրողներին տրվող արտոնությունների մասին:

Կալիֆորնիայի խորհրդատվական ընկերության ղեկավար Սթիվ Սամուելյանը նշեց, որ ամերիկյան գործարար դաշտի հետ հարաբերությունների նոր սկիզբ է դրվում, հավելելով, որ բիզնես-քննարկումները կշարունակվեն նաև առաջիկայում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և բազմաթիվ այլ ոլորտներում ներդրումային հեռանկարային ծրագրեր իրականացնելու նպատակով:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Սթիվ Սամուելյանը հայտնեց, որ նախատեսվում է կազմակերպել ամերիկյան մի քանի խոշոր ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ ներդրումային դաշտին տեղում ծանոթանալու և փոխգործակցության հնարավորությունները գնահատելու նպատակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am