Շիրակի մարզի դպրոցներում հնչեց վերջին զանգը

Armenpress 18:55, 26 Մայիս, 2017

 

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզի դպրոցներում հնչեց վերջին զանգը: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը մայիսի 26-ին շրջանավարտներին շնորհավորելու ու նրանց բարի երթ  մաղթելու համար եղավ Գյումրու թիվ 25 հիմնական, թիվ  2 ավագ  դպրոցներում ու թիվ 1 վարժարանում:
«Ավանդաբար հնչող վերջին զանգն ունի մեծ խորհուրդ. այն ազդարարում է ձեր մուտքը դեպի նոր կյանք, նոր աշխարհ, որտեղ ձեզ սպասում են բազում անակնկալներ, ինքնադրսևորման և ինքնահաստատման լայն ասպարեզներ և թող որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքներն ու ազգային դաստիարակությունն օգնեն բացահայտելու նորը, ընտրելու համապատասխան մասնագիտություն, վստահությամբ հաղթահարելու ցանկացած դժվարություն:
Համոզված եմ` դուք ձեր հաջողություններով ու հաղթանակներով լիովին կարդարացնեք ձեր ծնողների և ուսուցիչների ակնկալիքները»,-իր խոսքում նշեց  Հովսեփ Սիմոնյանը՝ շրջանավարտներին մաղթելով նորանոր ձեռքբերումներ, բազում հաջողություններ, բոլոր երազանքների, իղձերի ու նպատակների իրականացում:Օրվա խորհրդով պայմանավորված, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ, մարզպետն անդրադարձավ վերջին զանգ ու վերջին դաս միջոցառումների անցկացման նպատակով դրամահավաքության վերաբերյալ մարզպետարանի թեժ գծին եկած ահազանգերին: «Մեկ-երկու ահազանգ ստացանք, բայց, ցավոք, եթե մարդիկ տեղեկատվություն են տալիս, ապա սխալ են ներկայանում, և մեր ստուգումների ժամանակ պարզվում է, որ այդ անձը չկա, բայց միևնույն է մենք այդ ահազանգի հետքերով ուսումնասիրում ենք փաստը: Ունեցանք լրատվամիջոցներից մեկում հրապարակում ու իմ հանձնարարականով ուսումնասիրվեց հենց այդ ահազանգը, սակայն պարզվեց, որ նման բան չկա: Չենք ունեցել այնպիսի դեպքեր, որ նկատողության, կամ կարգապահական տույժի արժանանա դպրոցի տնօրենը կամ ուսուցիչը»,-փաստեց Հովսեփ Սիմոնյանը:

 

 

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am