Հայաստանը մեր պաշտպանության երկրորդ էշելոնն է. Ժիրինովսկի

Armenpress 19:56, 14 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Պետդուման հուլիսի 14-ին վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված՝ համատեղ զորախումբ ստեղծելու համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Խոսելով համատեղ զորախումբ ստեղծելու համաձայնագրի և դրա վավերացման մասին՝ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը միշտ էլ ունեցել են ամուր բարեկամական հարաբերություններ, ինչը  երկու երկրների շահերից է բխում:

«Հայաստանը մեր պաշտպանության երկրորդ էշելոնն է և այդպես միշտ է եղել:Մենք Հայաստանի հետ համատեղ պաշտպանական տարածություն ստեղծելու մասին համաձայնագիր ունենք, որը կերկարաձգենք հետագայում ևս»,- նշել է Ժիրինովսկին:

Համատեղ զորախումբ կազմակերպելու մասին Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնագիրը ստորագրվել էր 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am