ԼՂ հակամարտությունը ռազմական կարգավորում չունի. Ստոլտենբերգ

Armenpress 14:17, 23 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ և կոչ է անում խուսափել իրադրության լարումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Լեռնային Ղարաբաղում չկարգավորված հիմնախնդիրն անհանգստություն է առաջացնում: Հստակ է, որ հակամարտությունը ռազմական կարգավորում չունի և որ այստեղ ՆԱՏՕ-ի ուղիղ դերակատարումը չկա»,- ասել է Ստոլտենբերգը:

Նա ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին և ուրախ է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև բանակցությունների վերականգնման առնչությամբ:

«Մենք կոչ ենք անում ձեզ շարունակել ընթանալ խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորելու ճանապարհով և խուսափել նոր լարումից»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am