Ազատ Հովհաննիսյան. Մեկ անգամ Հայաստանում

Armenpress 18:13, 15 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

«Բարև Ձեզ, իմ անունն Ասյա է, ես ապրում եմ Ռուսաստանի Դաշնությունում, ուզում եմ այցելել ձեր չքնաղ երկիր…»:

Ահա սա էր 2017 թվականի մայիսի 14-ի առավոտյան իմ կարդացած առաջին նախադասությունը:

Իհարկե, մեր օրերում համացանցային շփումն ու ծանոթությունները սովորական երևույթ են, բայց և այնպես հարց է հնչում՝ հավատա՞լ, թե չհավատալ:

Հունիսի 25-ին կայացավ երկար սպասված հանդիպումը: Երևան, Էջմիածին, Զվարթնոց, Գառնի, Գեղարդ, Նորավանք, Ջերմուկ, Տաթև, Խնձորեսկ… Շրջագայություն Հայաստանի հոգևոր կենտրոն, պատմամշակութային կենտրոններ, ազգային հարստություն «Ջերմուկի» համտես-հյուրասիրություն և, իհարկե, մեծ տպավորություններ, որոնք ի հայտ եկան արդեն հեռանալուց հետո և կարոտով: Երկիր, որն ունի հզոր ու անջնջելի հեռավորությունից եկող պատմություն, ունի նույնքան հզոր ձգողություն: «Ես հիմա եմ հասկանում, թե դուք ինչքան ամուր եք կպած ձեր հողին, ձեզ այստեղից պոկել չի լինի»: Խոսքեր, որոնք հպարտություն են պարգևում ու հավաստում, որ մեր ազգը կերտել է իր էվոլյուցիոն զարգացման այն փուլը, որ որևէ մեկին ինչ-որ բան հավաստելու կարիքը չունի, դա անզեն աչքով էլ տեսանելի է:

Տեսանելի, բայց ոչ հասկանալի. «Որպես կանոն՝ երկրներն ունենում են ոգի կամ միջավայր. Հայաստանն ունի բնավորություն»,- ասում էր Ասյայի ընկերուհին: Մեր երկիրը միշտ դռնբաց ընդունում է իր հյուրերին, բայց երբեք չի բացահայտվում առանց սեփական «շիվի» ներկայության:

Գեղարդի վանական համալիրի ժայռափոր եկեղեցիներից մեկում Ասյան երգից մի հատված կատարեց և հիացած գնահատեց այսպես. «Ես երգում եմ կես ձայնով, բայց ինձ վերադառնում է տասնապատկված հնչողություն...»:

Ահա այսպիսին է երկիրը Հայոց. ուշադիր զննում է բոլոր նրանց, ովքեր մտնում են իր տուն, և չի թողնում, որ անտարբեր մնան իր հմայքին և կրկին ու կրկին հյուր է կանչում ամեն անգամ:

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:

                                                                                           


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am