Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին օրենքի նախագծերը կքննարկվեն փետրվարի 22-ին

Armenpress 12:31, 21 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանությանն առնչվող օրենքի նախագծերը կքննարկվեն փետրվարի 22-ին՝ տեղի ժամանակով ժամը 11:00-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը:

Նախագծերի հեղինակը երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդն է:

«Վաղը սրահում որպես ունկնդիր ներկա կգտնվեն նաև հոլանդահայերը։ Տեղի կունենա հարց ու պատասխան Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի հետ։ Բայց քանի որ կոալիցիոն համաձայնություն կա, կասկած չկա, որ նախագծերը շրջանառության մեջ դրած Ջոել Ֆորդևինդի առաջարկները կանցնեն»,- հայտնեց Մասիս Աբրահամյանը։

Ջոել Ֆորդևինդը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության առնչությամբ երկու նոր նախագիծ: Առաջինը Նիդերլանդների կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման վերահաստատումն է: Իսկ երկրորդ նախագիծը պարտադրելու է նախարարի մակարդակով ամեն տարի ապրիլի 24-ին այցելել և հարգանքի տուրք մատուցել  Ծիծեռնակաբերդում:

Հիշեցնենք, որ քննարկումը նախատեսված էր փետրվարի 15-ին, սակայն հետաձգվել էր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am