Հայոց եկեղեցուն բարգավաճում, հայ-լիբանանյան կապերին՝ էլ ավելի ամրապնդում. Միշել Աունը հյուրընկալվեց Մայր Աթոռում

Armenpress 19:00, 21 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի նախագահ Միշել Աունի առաջին հանդիպումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էր։ Բարձրաստիճան հյուրին դիմավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ «Վստահ ենք, որ Ձեր այցը նոր խթան կլինի մեր երկու երկրների հարաբերությունների ջերմացման և գործակցության ընդլայնման համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպմանն ասաց Վեհափառը, ով հայ-լիբանանյան հարաբերությունները որակեց բարեկամական ու եղբայրական։ Գարեգին Բ-ն ուրախությամբ փաստեց, որ փոխվստահության վրա հաստատված այդ հարաբերություններն  արդյունք են Լիբանանի արժանավոր հայազգի քաղաքացիների։

«Քրիստոսը մեկն է, սա է միավորում եկեղեցիներին։ Ես մաղթում եմ Հայ Առաքելական եկեղեցուն բարգավաճում»,-ասաց Լիբանանի քրիստոնյա նախագահը Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Արդեն լրագրողների հետ զրույցում Միշել Աունը հույս հայտնեց, որ իր այցն էլ ավելի կսերտացնի երկկողմ կապերը։ «Իհարկե, այս այցն ամրապնդելու է մեր երկու երկրների և ժողովուրդների հարաբերությունները։ Այսօր մեզ ուղեկցում են նաև լիաբանանահայեր, ովքեր պատգամավորներ ու կառավարության ներկայացուցիչներ են»,-ասաց օտարերկրյա բարձրաստիճան հյուրը։

Լիբանանի նախագահը եղավ նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարանում, ծանոթացավ բացառիկ ցուցանմուշներին, լուսանկարվեց Նոյյան Տապանի Մասանց պահարանի և համաքրիստոնեական սրբություններից մեկի՝ Սուրբ Գեղարդի ցուցափեղկերի մոտ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի ավարտին Միշել Աունը մոմ վառեց Մայր տաճարում։ Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 21-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով։ Այցի շրջանակներում նախատեսված են Լիբանանի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:

Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Միշել Աունը ԶԼՄ-ների առջև հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

 

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am