Գեներալ Քոթանջյանը մասնակցել է Արկադի Տեր Թադևոսյանի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Armenpress 18:22, 9 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում կայացավ հանդիսավոր նիստ՝ նվիրված Արցախի հերոս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի 80-ամյակին, մի մարդու, որը հայտնի է մարտական փառքով պատված «Կոմանդոս» և «Լեռնային աղվես» զինվորական կեղծանուններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը մասնակցել է նաև պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-լեյտենանտ (պաշտոնաթող), Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի Պատվավոր նախագահ Հայկ Քոթանջյանը:

Քոթանջյանը շեշտեց, որ 1992 թ. մայիսին ձեռք բերված փառահեղ հաղթանակին մի առանձնակի իմաստ հաղորդեց այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը որոշեց Շուշիում նվաճված հաղթանակը զուգադիպեցնել գերմանական ֆաշիզմի նկատմամբ տարած Հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին:

Հայկ Քոթանջյանն իր ելույթում, որը կայացավ Խորհրդային բանակի Լենինականի կայազորի նախկին Սպայի տանը, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի տոնած փայլուն հաղթանակների հետ մեկտեղ նշեց այն բացառիկ կարևոր դերը, որ Հայաստանի, Ռուսաստանի և Արցախի փոխադարձ անվտանգության ապահովման գործում խաղում է հայ և ռուս ժողովուրդների դարավոր զինակցությունը, որն այսօր ամրագրվել է Գյումրիում 102-րդ ռուսաստանյան զորակայանի տեղաբաշխմամբ ու Հայաստանի Հանրապետության սահմանների համատեղ հայ-ռուսաստանյան պահպանմամբ:

Իր ելույթի վերջում Քոթանջյանը բարձր գնահատեց այն արժանի ներդրումը, որը Հայաստանի Հանրապետությունը եղբայրական Արցախի Հանրապետության դաշնակցությամբ կատարում է մեր պայթյունավտանգ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման գործում՝ որդեգրելով իր գլխավոր հարգելի դաշնակիցների ու գործընկերների՝ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ ռազմական ու ռազմաքաղաքական համագործակցության հաշվեկշռված քաղաքականություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am