Զարուհի Բաթոյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկուն

Armenpress 19:07, 2 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն:

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բարձր է գնահատում Չեխիայի Հանրապետության հետ համագործակցությունը: Մենք պատրաստակամ ենք խորացնելու և ամրացնելու Ձեզ հետ ունեցած համագործակցության ավանդույթները: Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ սոցիալական աջակցության ոլորտում Ձեր աջակցությամբ իրականացված ծրագրերի համար»,- նշել է նախարարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Զարուհի Բաթոյանը հատկապես բարձր է գնահատել Չեխիայի Հանրապետության աջակցությունը հայաստանյան հասարակական կազմակերպությունների զարգացման գործում:

«Չեխիայի Հանրապետությունն արդեն իսկ վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համոզված եմ, որ այս փաստաթուղթը համագործակցության առավել լայն հնարավորությունների և կոնկրետ նախագծերի իրականացման հիմք կդառնա»,- նշել է դեսպան Կոպեցկին:

Զարուհի Բաթոյանը նշել է, որ Հայաստանի համար այս ժամանակահատվածը նոր սկիզբ է, որը թույլ է տալիս վերանայել առաջնահերթություններն ու ծրագրերը, որոնցից գլխավորը մարդկանց սոցիալական խնդիրների հաղթահարմանն ուղղված ջանքերն են՝ կարողությունների զարգացման միջոցով:

Նախարար Բաթոյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձնման առթիվ և արդյունավետ աշխատանք մաղթել նրան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am