Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Կարանտինն ու տուրիզմը․ ինչպես են Հայաստանում պատրաստվել ընդունելու զբոսաշրջիկներին

Կարանտինն ու տուրիզմը․ ինչպես են Հայաստանում պատրաստվել ընդունելու 
զբոսաշրջիկներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ելնելով աշխարհում ստեղծված համավարակից, գրեթե բոլոր երկրները, որոնց սահմանները փակ են, այդ թվում` Հայաստանը,  քայլեր են ձեռնարկում ներքին տուրիզմը զարգացնելու ուղղությամբ։ Բազմաթիվ զբոսաշրջային քաղաքներ արդեն պատրաստ են պատշաճ կերպով ընդունելու իրենց հյուրերին։ 

Հայաստանում կորոնավիրուսով վարակված բազմաթիվ անձանց արտակարգ դրության օրերին բացի հիվանդանոցներից, տեղափոխում էին նաև հյուրանոցներ։ Սակայն արդեն որոշվել է ասիմպտոմ հիվանդներին չհոսպիտալացնելու կամ հյուրանոց չտեղափեխելու մասին։

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի (ՀՎԿԱԿ) հետ սերտ համագործակցությամբ և համաշխարհային լավագույն փորձի ու միջազգային տարբեր կառույցների կողմից առաջարկությունների ուսումնասիրության միջոցով մշակվում են զբոսաշրջության կազմակերպման գործընթացի անվտանգ ապահովմանն ուղղված տեղեկատվական ուղեցույցներ։

«Այդ ուղեցույցները տրամադրվելու են զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, այդ թվում՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներին։ Միաժամանակ, մի շարք գործընկերների և շահառու պետական մարմինների հետ համագործակցությամբ՝ նախատեսվում է իրականացնել վերպապատրաստման առցանց դասընթացներ զբոսաշրջիկներին սպասարկող օղակների կարողությունների բարձրացման նպատակով»,- ասաց Կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։

Զբոսաշրջային քաղաքներն աշխուժանում են ու պատրաստվում ընդունել հանգստացողների։ 

Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը նշեց, որ իրենց քաղաքի բոլոր այն հյուրանոցային համալիրները,  որտեղ պահվել են կասկածելի դեպքեր, վարակվածներ, արդեն ախտահանվել են և պատրաստ են ընդունելու զբոսաշրջիկներին։ 

«Ծաղկաձորի բոլոր հյուրանոցներն ախտահանվել են, ձեռնարկվել են բոլոր միջոցառումները, որպեսզի հնարավոր լինի զբոսաշրջիկների ընդունել։ Քաղաքապետարանն էլ իր հերթին, ոստիկանության հետ միասին, ամենօրյա հսկողություն է իրականացնում քաղաքում, ռեստորաններում, ճոպանուղիում, որպեսզի կուտակումներ չլինեն։ Դեռևս շատ այցելուներ Ծաղկաձորում չեն լինում, հիմնականում շաբաթ և կիրակի օրերին»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ Ծաղկաձորում վարակման դեպքեր այս ընթացքում չեն հայտնաբերվել։

Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն ընդգծեց, որ իրենք լիարժեք պատրաստ են իրենց քաղաքի այցելուներին ընդունել։

«Մենք աշխատում ենք գրեթե բնականոն կերպով, մի փոքր ավելի ենք ուժեղացրել հսկողությունը։ Այս ընթացքում ախտահանվել են Ջերմուկի բոլոր առողջարաններն ու հյուրանոցները և պատրաստ են ընդունել զբոսաշրջիկներին։ Մենք արդեն ունեցել ենք այցելուների հոսք՝ մայիսի տոնական օրերին։ Նրանցից ոմանք մեկ օրով էին եկել, ոմանք էլ գիշերակացով մնացին։ Այժմ էլ ունենք զբոսաշրջիկներ և առողջարաններում բուժվողներ»,- նշեց Հովհաննիսյանը և հավելեց, որ բոլոր առողջարաններն ու հյուրանոցներն ունեն դիմակներ և ախտահանիչ նյութեր։

Նա ընդգծեց, որ համավարակով պայմանավորված` Ջերմուկում ավելացել են ավտանգության խնդիրները և համայնքապետարանն էլ իր հերթին հնարավորին չափով օգնում է առողջարաններին և հյուրանոցներին։ Քաղաքն ախտահանելու համար էլ սարքավորումներ են դրվել։ 

Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում Ջերմուկում իրականացվում է վերահսկողություն և՛ համայնքապետարանի, և՛ ոստիկանության կողմից։ Հովհաննիսյանը շեշտեց, որ քաղաքի տարբեր հատվածներում ոստիկաններն իրականացնում են հերթապահություն, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակիցները ցուցումներ են տալիս քաղաքացիներին և փորձում են կարգ ու կանոն պահպանել։

«Այս պահին պետք է աշխատենք ներքին տուրիզմը զարգացնելու ուղղությամբ։ Կիրակի օրը՝ հունիսի 7-ին, Ջերմուկում բավականին շատ զբոսաշրջիկներ կային, հատկապես ջրվեժի մոտ։ Զբոսաշրջիկների մի մասը գիշերակացով է այցելում Ջերմուկ, մյուս մասը՝ մեկ օրով։ Առողջարաններ կան, որ այս ընթացքում ունեցել են մինչև 120-130 հանգստացող և բուժվող»,- ասաց Վարդան Հովհաննիսյանը։ 

Ջերմուկ համայնքում կորոնավիրուսով հաստատված դեպքեր մինչ այս պահը չեն եղել։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ իրենց մոտ ախտահանվել և ախտահանվում են փողոցները, կանգառները, նստարաններն ու աղբամանները։ 

«Քաղաքի հյուրանոցները մասնավորն արդեն իսկ ախտահանել է և պատրաստ է ընդունելու իր այցելուներին, սակայն այս պահին Գյումրիում զբոսաշրջիկների մեծ հոսք չկա»,- ասաց Բալասանյանը:

Նրա խոսքով՝ քաղաքապետարանն այս ընթացքում մշտապես հորդորել և հորդորում է և՛ Գյումրու քաղաքացիներին, և՛ զբոսաշրջիկներին՝ պահպանել համավարակի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները, խստագույնս հետևել պարետի կողմից տրված ցուցումներին՝ պարտադիր կրել դիմակներ, ձեռնոցներ, հաճախակի ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն, զերծ մնալ մարդկային կուտակումներից։

Բալասանյանը շեշտեց, որ քաղաքապետարանի բաժինների աշխատակիցներն ըստ ոլորտների, այս ընթացքում շրջել, հետևել են կանոների պահպանմանը, խախտումներ նկատելու դեպքում զգուշացրել դրանց մասին, հորդորել վերացնել դրանք, պահպանել համավարակի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները: 

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ։


Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am