Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ադրբեջանին հասկացրին, որ իր պահանջն անիրատեսական է. քաղաքագետը՝ կրակի դադարի համաձայնության մասին

Ադրբեջանին հասկացրին, որ իր պահանջն անիրատեսական է. քաղաքագետը՝ կրակի 
դադարի համաձայնության մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական գործողությունները սկսած կողմի՝ Ադրբեջանի համար առանց շոշափելի արդյունքի թեկուզ ժամանակավոր կրակի դադարեցման համաձայնելու որոշումը պարունակում է պարտության տարրեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ անդրադառնալով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին համաձայնությանը:

«Պահանջները, որոնք բացարձակ բանական բնույթ չէին կրում, ըստ էության չէին կարող կյանքի կոչվել: Չնայած, որ Ադրբեջանը անընդհատ շեշտադրում էր, որ կարող են վերադառնալ բանակցային գործընթացին միայն այն դեպքում, երբ հայկական ուժերը դուրս կգան Լեռնային Ղարաբաղից, պարզ է, որ դա անիրատես պայման էր»,-ասաց Մարգարովը:

Նա նկատեց, որ Հայաստանի՝ բանակցություններն առանց նախապայմանների սկսելու վերաբերյալ պատրաստակամությունը, այս մասին հայտարարություններն ու միջազգային հանրության նույնական շեշտադրումները ապացուցում էին, որ Ադրբեջանի հայտարարությունները կառուցողական չեն:

«Ադրբեջանին հասկացրին, որ իր պահանջն անիրատեսական է: Պահանջը պետք է կապ ունենա իրականության հետ և այն գործողությունների հետ, որոնք տեսնում ենք մարտի դաշտում»,-նշեց Մարգարովը:

Քաղաքագետն ըստ էության Ադրբեջանի կողմից՝ կրակի դադարեցմանը համաձայնելը համարում է հետքայլ: «Եթե կողմը, որը սկսել է ռազմական գործողությունները, ստիպված է առանց շոշափելի արդյունքի դադարեցնել գործողությունները՝ նույնիսկ ժամանակավորապես, ուրեմն այդ կողմի համար, տվյալ դեպքում՝ ադրբեջանական կողմի համար կան պարտության տարրեր: Ադրբեջանական կողմը, որը սկսել է ռազմական գործողությունները, որը հարված է հասցնում միջազգային հանրությանը, չի կարող որևիցե իրավունք ստանալ»,-նշեց նա:

Քաղաքագետը նկատեց, որ դեռ մինչև երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շեշտադրում էր, թե ինքը տեսնում է այլ լուծումներ՝ բացի բանակցային գործընթացից: Սակայն, ինչպես իրականությունը ցույց տվեց՝ ռազմական լուծումը դեռ այն լուծումը չէ, որ Ադրբեջանը փորձում է ձեռք բերել:

Մարգարովը նշեց նաև, որ հայտարարությունները, որով ցանկանում էին Թուրքիային ներգրավել բանակցությունների մեջ, չեն ստացել ոչ մի արձագանք հենց Ռուսաստանի կողմից, այդ հայտարարություններն անտեսվել են: Սա ցույց է տալիս Ռուսաստանի դիրքորոշումը հարցի վերաբերյալ:

Մարգարովը հիշեցրեց, որ Մինսկի խմբի համանախագահողներն իրենց առաջին հայտարարությամբ կոչ էին արել ոչ միայն դադարեցնել ռազմական գործողությունները, այլ նաև վերսկսել բանակցությունները՝ գոյություն ունեցող ձևաչափի շրջանակներում: «Համանախագահող երկրները Թուրքիային չեն տեսնում որպես երկիր, որը կարող է ստանալ նույն կարգավիճակը, ինչ իրենք՝ նաև այն պատճառով, որ Թուրքիան չի բանակցում Հայաստանի հետ, Թուրքիան երկիր է, որը կողմնապահություն է ցուցաբերում, երկիր է, որն ունի իր հստակ ներգրավվածությունը կոնֆլիկտի մեջ՝ ի աջակցություն կողմերից մեկի»,-ասաց քաղաքագետը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած՝ հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում առարկայական բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am