Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ռուսաստանը հետևողականորեն կիրառում է քաղաքական զսպումների գործիքակազմը

Ռուսաստանը հետևողականորեն կիրառում է քաղաքական զսպումների գործիքակազմը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանն «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի կողմից զսպումների գործիքակազմի կիրառմանը։

 

- ՌԴ միջնորդական առաքելությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում գործնականում ի՞նչպես է արտահայտվել:

- ՌԴ-ն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր փուլերում իրացրել է միջազգային իրավունքով սահմանված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքի օգտին ունեցած գործելակերպը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ-ն հանդես է գալիս թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և թե՛ առանձին դերակատարությամբ: Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատել և գնահատում սկզբնապես ԵԱՀԽ, այնուհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, ակտիվ դերակատարությունը և որոշիչ առաքելությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերում՝ 1992-1994 թթ., ինչպես նաև 1994 թ. հրադադարի Եռակողմ համաձայնագրի ձեռքբերման գործում: ՌԴ-ն որոշիչ դերակատարությամբ հանդես եկավ նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության սրման հերթական փուլում՝ 2016 թ. ապրիլի 5-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում ձեռքբերվեց բանավոր պայմանավորվածություն դադարեցնելու ռազմական գործողությունները և վերականգնելու հրադադարը՝ համաձայն 1994թ. հրադադարի հաստատման մասին Եռակողմ համաձայնագրի:

- Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից  սանձազերծված պատերազմում ՌԴ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն և որպես առանձին՝ ՀՀ-ի հետ դաշնակցային հարաբերություններ ունեցող պետություն դարձյալ հանդես եկավ ակտիվ դերակատարությամբ: Ինչպե՞ս արտահայտվեցին քաղաքական զսպումները:

- Հակամարտության քաղաքական զսպումները ԱՀ-ի համար կենսական նշանակություն ունեն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների և քաղաքացիական բնակչության թիրախավորման համատեքստում: Այս իմաստով 2020 թ. սեպտեմբերի 27-ից ՌԴ տարածած բոլոր հայտարարությունները և պրակտիկ քայլերն ուղղված են հակամարտության զսպմանը և կողմերին բանակցային սեղան վերադարձնելուն: ՌԴ կողմից գործադրվում են առավելագույն ջանքերը հակամարտությունը խաղաղ կարգավորման փուլ տեղափոխելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ այդ ջանքերը փաստացի արգելակվում են Ադրբեջանի սադրիչ գործողությունների, ձեռքբերված պայմանավորվածությունները կոպտորեն խախտելու գործելակերպով: Նման պայմաններում՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ միջնորդությամբ ձեռքբերված կրակի դադարեցման պայմանավորվածությանը հետևած ժամերին հայկական կողմը, չնայած այն հանգամանքին, որ առաջին իսկ պահից հավաստել էր իր հավատարմությունը պայմանավորվածությանը, ՊԲ մակարդակով ստիպված էր հայտարարել, որ կիրառելու է անհամաչափ միջոցներ ինքնապաշտպանության ձևաչափում: Նման պայմաններում ՌԴ-ն շարունակում է կարգավորման իր առաքելությունը, որը դրական շեշտադրումներով  արտահայտվեց նաև հոկտեմբերի 12-ին Լավրով-Մնացականյան հանդիպման ընթացքում, որտեղ հիմնական շեշտը դրված էր վերիֆիկացիոն համակարգերի ներդրման անհրաժեշտության վրա՝ որպես կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման կարևոր միջոց: Հատկանշական է, որ նշված քայլերին զուգահեռ և նույն դիսկուրսի շրջանակներում ՌԴ-ն աշխատանքներ է տանում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, մասնավորապես՝ Զ. Մնացականյանը ՌԴ այցի շրջանակներում հոկտեմբերի 13-ին հերթական անգամ հանդիպում ունեցավ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Գործընթացների համատեքստում պարզ է, որ հրադադարին հետևելու ՌԴ ակնկալիքներն ուղղված են հատկապես Ադրբեջանին, քանի որ հայկական կողմի տրամադրվածությունը և գործելակերպը պայմանավորվածություններին հավատարիմ մնալու ձևաչափում են: Ենթադրվում է, որ առաջիկայում ՌԴ-ն կարող է կիրառել իր քաղաքական զսպման պահուստային լծակները հիմք ընդունելով՝ ՌԴ տարածաշրջանային իրողություններին և հիմնախնդիրներին խորքային տեղեկացվածությունը, հետևաբար նաև մեռյալ կետից իրողությունները տեղաշարժելու կամքը:

- ՌԴ կողմից ստանձնած դերակատարությունը հակամարտության կարգավորման գործում չի սահմանափակվում միայն դիվանագիտական կորպուսի աշխատանքներով, գործուն դերակատարությամբ հանդես է գալիս նաև պաշտպանության գերատեսչությունը, որքանո՞վ է հասցեական ՌԴ ՊՆ գործելակերպը:

- ՌԴ ՊՆ իր գործառույթների շրջանակներում կարողանում է առավել թիրախային, խիստ և հասցեական շեշտադրումներով արտահայտվել այս գործընթացներում: Այս մակարդակում ՌԴ պաշտպանության նախարար Ս. Շոյգուի հոկտեմբերի 12-ին ունեցած հեռախոսազրույցը Թուրքայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ ենթատեքստային էր, քանի որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տարվող Մերձավոր Արևելքի զինյալ ահաբեկչական խմբավորումների թեմայով: Իսկ հոկտեմբերի 13-ին Ս. Շոյգուն հայտարարել էր, որ իրենց աշխատանքի հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը և հակամարտող կողմերի անցումը բանակցություններին՝ տարածաշրջանում իրադրության կարգավորման համար: Այս փաստերը հնարավորություն են տալիս կարծիք հայտնելու, որ ՌԴ-ն անհրաժեշտության դեպքում կարող է անցնել ավելի կոնկրետ քայլերի: Կարծում եմ նաև, որ Ադրբեջանում լավ են հասկանում, որ կարգավորումը ի թիվս այլ հարցերի սկզբունքային հարց է ՌԴ համար: ՌԴ-ն մտահոգություններ ունի նաև սեփական սահմաններին սպառնացող վտանգի հարցում՝ Ադրբեջանի որպես ահաբեկչական պետություն և ահաբեկչությունը ֆինանսավորող պետություն լինելն իրողություն է՝ դրանից բխող բոլոր սպառնալիքներով:

- Հետաքրքիր քննարկումներ, հիմնախնդրին տիրապետելու և տեղեկացվածության բարձր մակարդակ կա նաև ՌԴ փորձագիտական շրջանակներում,  ի՞նչպես կգնահատեք:

- ՌԴ փորձագիտական շրջանակները բնականաբար սնվում են նաև դիվանագիտական խողովակներից, հետևաբար կա միասնական տեսակետ՝ որ քաղաքական զսպումներն առավելապես Մոսկվայում են: Այս համատեքստում կարևորում ենք հոկտեմբերի 13-ին Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները փորձագիտական շրջանակների հետ, որը հիմնախնդրի կարգավորման գործընթացներին առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև օբյեկտիվ պատկերացում ունենալու հնարավորություն են տալիս:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am