Առաջին եռամսյակի հարկային եկամուտներն ավելի են նախատեսվածից, պակաս՝ 2020- ի նույն ժամանակի ցուցանիշից
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2021-ի առաջին եռամսյակում հարկային եկամուտները կազմել են 332.9 մլրդ դրամ, ինչն ավելի է եղել նախատեսվածից, սակայն պակաս՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը պարզաբանեց նախորդ տարվա համեմատ նվազման պատճառները:
«Առաջին եռամսյակում հարկային եկամուտները կազմել են 332.9 մլրդ դրամ՝ նախատեսված ցուցանիշից ավել ավելի քան 27 մլրդ դրամով: Առաջին եռամսյակի փաստացի հավաքագրված հարկային եկամուտները 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս են եղել 16.1 մլրդ դրամով»,- ասաց Հովհաննիսյանը:
ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ այդ բացասական տարբերությունն ունի իր հիմնավոր պատճառներն ու ներկայացրեց այդ բացասական տարբերության վերլուծությունը: Հովհաննիսյանը հիշեցրեց կառավարության կողմից շահութահարկի մեխանիզմի փոփոխության մասին: «Միայն շահութահարկի կանխավճարի մեխանիզմի փոփոփոխության ազդեցությունը գնահատվում է մոտ 10 մլրդ դրամ: Այսինքն՝ նշված 16.1 մլրդ դրամից 10 մլրդը վերաբերում է շահութահարկին»,- ասաց Հովհաննիսյանն ու նշեց, որ կառավարությունը փոփոխություն է կատարել՝ տնտեսավարողների մոտ ֆինանսական միջոցներ ապահովելու նպատակով:
2021-ի առաջին եռամսյակում տնտեսավարողներին 2.9 մլրդ դրամ ավելի գումար է վերադարձվել: «Դա նույնպես այդ 16.1 մլրդ դրամ բացասական տարբերության շրջանակում է ընգրկված»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Հովհաննիսյանն այդ համեմատականի շրջանակում առաջարկեց ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ 2020-ի առաջին եռամսյակը զերծ է եղել համավարակի ազդեցությունից: Նա ընդգծեց, որ համավարակի ազդեցությունը շարունակվում է, և դրանով պայմանավորված գործունեության մի քանի տեսակներ վերականգնված չեն, օրինակ՝ զբոսաշրջությունը, կացության կազմակերպումը, ավտոտրանսպորտային գործունեությունը: Հովհաննիսյանը նշեց նաև համավարակի ազդեցությամբ պայմանավորված գործունեության այնպիսի տեսակների մասին, ինչպիսիք հարկվում են պետական տուրքով: «Այդ մասով ունենք շուրջ 2.8 մլրդ դրամի պետական տուրքի պակաս հավաքագրում: Դա նույնպես 16.1 մլրդ դրամի շրջանակում մեկնաբանվող բացասական տարբերության շրջանակում է ներկայացվում: Տնտեսական գործընթացների անկումն իր անխուսափելի հետևանքն է թողել և շարունակում է մինչև հիմա թողնել նաև հարկային եկամուտների հավաքագրման վրա»,-ասաց ՊԵԿ նախագահը՝ վստահեցնելով, որ բոլոր ուժերը գործադրում են հարկային կարգապահության մակարդակը բարձր պահելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում