Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Տավուշի բերդը՝ զբոսաշրջային գոտի. առաջիկայում նոր պեղումներ են նախատեսվում  

Տավուշի բերդը՝ զբոսաշրջային գոտի. առաջիկայում նոր պեղումներ են նախատեսվում

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշի բերդ կոչվող ամրոցում 2020-ին իրականացված պեղումների արդյունքում խեցեղեն, թաղումներ, արձանագրություններ, հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում արշավախմբի ղեկավար, հնագետ Տիգրան Ալեքսանյանն ասաց, որ և՛ 2020-ին, և՛ 2021-ին պեղումներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը: 

«Նախորդ տարի հիմնականում աշխատել ենք երկու հատվածում՝ միջնաբերդում՝ գագաթին և ստորին բերդում՝ եկեղեցու շրջակայքում: Տարածքում մասնակի պեղումներ են կատարվել 1988-1990-ական թվականներին, բայց հետո դադարեցվել են: 2020-ին արդեն լայնամասշտաբ պեղումներ սկսեցինք, որոնք ամբողջությամբ ավարտին ենք հասցրել եկեղեցու մոտ: Պեղումները վերսկսելու ենք մի քանի օրից»,-պատմեց Ալեքսանյանը: 

Նրա խոսքով՝ ամրոցի հիմնադրման թիվը ստույգ չէ, քանի որ պատմիչներն այն չեն հայտնել, բայց առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարում: «2020-ի պեղումների ընթացքում խեցեղեն, տապանաքարեր, հնագիտական այլ նյութեր ենք հայտնաբերել»,- նշեց հնագետը: 

Ալեքսանյանի փոխանցմամբ, պեղել են միջնաբերդի շերտերը: «Մոտ երկու մետր իջել ենք և էլի իջնում ենք: Ինչքան  խորանում է, այնքան շերտերը հնանում են և ամրոցի ավելի վաղ շրջանին բնորոշ նյութեր ենք պեղում, իր գոյությանը վերաբերող ճարտարապետական կառույցներ, օժանդակ շինություն ենք գտել: Բացել ենք տնտեսական հատված, որտեղ մեծ թվով թաղումներ, ավազանի հատվածներ կային, խեցեղեն:  Դա թույլ է տալիս ենթադրել, որ հենց տնտեսական հատվածի հետ գործ ունեինք: Շատ հետաքրքիր, արդյունավետ աշխատանք ենք կատարել և ավարտին ենք հասցրել եկեղեցու հատվածի պեղումները, որտեղ բացվել են նոր տապանաքարեր, օժանդակ տնտեսական հատվածներ, քարեր: Ավաղ, պեղումներն ընդհատվեցին Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով»,- շեշտեց արշավախմբի ղեկավարը: 

Այս տարի ցանկանում են եկեղեցու մուտքը բացել, հասկանալ, թե որ հատվածում է այն: 

Ալեքսանյանը վստահեցրեց, որ Տավուշի բերդը զբոսաշրջային առումով կարող է հետաքրքրել մարդկանց: Հենց այդ նպատակով էլ նախորդ տարի մեկնարկել են պեղումները: 

«Պեղումների նպատակը տարածաշրջանի համար զարգացման հեռանկարային ծրագրեր մշակելն է, և այդ տեսանկյունից ամրոցը կարևոր գործոն է: Այն մոնումենտալ կառույց է, քաղաքի բոլոր կողմերից երևում է, քանի որ բարձր ժայռի վրա է: Պատերը պահպանվել են, և այն շատ գրավիչ է, հետաքրքիր: Պեղումների ընթացքում անգամ մարդկանց մեծ հոսք էր գալիս. և՛ տեղացիներ էին, և՛  հետաքրքրասերներ Երևանից»,- հայտնեց հնագետը: 

Հնարավոր է՝ պեղումների նոր փուլն սկսելիս համագործակցեն սփյուռքի կազմակերպությունների հետ, ներգրավեն հայ մասնագետների:

Անժելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am