Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Սիրո ճամփով դեպի վերև. Երևանում ծափահարություններով վերջին հրաժեշտը տվեցին ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյին

Սիրո ճամփով դեպի վերև. Երևանում ծափահարություններով վերջին հրաժեշտը տվեցին 
ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան,  Հայկոյի (Հայկ Հակոբյան) հարազատներն, ընկերները, գործընկերներն ու երկրպագուները հոկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահից  հեղինակի «Վերև» ստեղծագործության հնչյունների ներքո վերջին հրաժեշտը տվեցին կոմպոզիտորին, որը երկար տարիներ իր գեղեցիկ, ռոմանտիկ երգերով ոգևորել է բազմաթիվ արվեստասերների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայկոն իր վերջին հանգրվանը կգտնի Երևանի քաղաքային պանթեոնում:

ՀՀ վաստակավոր արտիստ Արամոն պատմեց, որ Հայկոյի հետ ծանոթացել է 1990-ականներին:

«Նա շատ երիտասարդ էր, երբ եկավ Երգի պետական թատրոն, որտեղից սկսվեց Հայկոյի ստեղծագործական ուղին: Շփումների ընթացքում իմացա, որ Հայկոն ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանը. ջութակահար էր, գրագետ երաժիշտ:  Նա շատ ինքնատիպ էր ու սկզբունքային, իսկ ես հարգում եմ այն մարդուն, ով չի դավաճանում իր արվեստը: Հայկոն միշտ բարձր պահեց այն նշաձողը, որը սահմանել էր: Սիրո գույն գնաց քաղաքից »,-շեշտեց Արամոն ու հավելեց՝ բոլորն են սիրում Հայկոյի երգերը, քանի որ փայլուն երաժիշտ էր, գործիքավորող, համեստ մարդ:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ մենք հայոց ծիածանը կորցրինք:

«Հայկոն ժամանակակից  հայ մշակույթի աշուղն էր, որը միջազգային բեմ բարձրացրեց հայոց սիրային արվեստը, և երբ նա բեմում էր, բեմում էր նաև հայոց ներկայությունը՝ արժանապատիվ, շիտակ ու ազատ: Հայկոն հայրենասեր միջազգային արտիստ էր: Եթե մենք հետևենք նրա ստեղծագործական ամբողջ կենսագրությանը, տեսնենք, թե ինչպես էր մոտենում կյանքին՝  կհասկանանք, որ մեծ ասպետի կորցրինք, որը սեր ու հավատ էր նվիրում»,-նշեց Հովհաննիսյանը:

Հաղորդավար, երգիչ, պրոդյուսեր Գրիշա Աղախանյանն ու Հայկոն ընկերներ են 1991 թվականից, հետո ընկերությունը վերածվել է ստեղծագործական համատեղ աշխատանքի:

«Հետաքրքիր է, մեր՝ «Top 10 Of Rabiz» նախագծի ստեղծումից անցել է 23 տարի, և մենք միասին նոր բան չէինք արել: Իսկ մեկ ամիս առաջ համագործակցեցինք, նշեցինք Հայկոյի ծնունդը: Այդպես մեր ընկերությունը նոր շունչ առավ»,-նշեց Աղախանյանը:

 Նրա խոսքով՝ հայտնի մարդկանց մի մասին սիրում են, մի մասին՝ ոչ, իսկ Հայկոն այն եզակի անհատներից էր, որին բոլորն էին սիրում, որովհետև ոչ միայն տաղանդավոր էր, այլև համեստ էր, պարկեշտ:

«Այդքան գործ է արել, ֆիլմերի երաժշտություններ է գրել, բայց շատ համեստ էր. մի բան չէր ասի: Նա ամաչում էր: Լավն էր Հայկոն»,-եզրափակեց Աղախանյանը:

Հայկոն կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին: Նա շուրջ մեկ շաբաթ հիվանդանոցում պայքարում էր կորոնավիրուսի հիվանդության դեմ:

Հայկ Հակոբյանը սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987-ին ավարտել է Երևանի  Տ. Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996-ին «Մոսկվա-96» երգի փառատոնում արժանացել է 1-ին մրցանակին։ 1997-ին մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998-ին հայկական «Այո» երգի մրցույթում արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։ 1999-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998, 1999, 2002, 2003 և 2006 թվականներին հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002-ին՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003-ին՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։ 2003 թվականին առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ 2006 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի հանրապետության վաստակավոր արտիստի կոչում: 2007 թվականին ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007, 2010 և 2011 թվականներին արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Երաժշտություն է գրել նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդը», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի համար։ 2011-ին Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։ Ունի մեկ որդի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am