Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հայտարարում է «Հայահավաք» նախագծի մեկնարկի մասին

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հայտարարում է «Հայահավաք» 
նախագծի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, հայտարարում է «Հայահավաք» նախագծի մեկնարկի մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հետպատերազմական շրջանում նկատվում է հանրային պահանջ՝ առավել մերձենալու սեփական մշակույթին ու վերստին ընկալելու ազգային արժեքները։ «Կա հստակ գաղափարների շուրջ բոլոր հայերին միավորելու ձգտում՝ անկախ զբաղմունքից, բնակության վայրից ու հասարակական կյանքի վերաբերյալ տեսակետներից։ Այս ամենը կարող է ապահովել մշակույթը, որը մեր պատմության ծանրագույն շրջաններում իրականացրել է հենց միավորիչ գործառույթ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Տեքստում ընդգծվում է, որ ՀՀ սահմաններից դուրս բնակվում և ակտիվ գործունեություն են ծավալում մի շարք տաղանդավոր հայորդիներ, որոնց ներուժը չափազանց անհրաժեշտ է այս դժվարին օրերին ազգի հոգևոր-մշակութային վերածնունդն ապահովելու համար։

«Հայահավաք» նախագծի շրջանակում մի շարք հանրահայտ հայազգի դիրիժորներ ու մենակատարներ կհրավիրվեն համագործակցելու ԿԵԱԿ երաժշտախմբերի հետ կամ անհատական ծրագրերով ներկայանալու հայ հանդիսատեսին։

«Հայահավաք» նախագծի ընթացքում ելույթ կունենան արտիստներ, ովքեր նախկինում ինչ-ինչ պատճառներով դեռ ելույթ չեն ունեցել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում։ Գործնականում հայազգի արտիստներին ներկայացնելով ու նրանց ձայնն ավելի լսելի դարձնելով`ԿԵԱԿ-ը նպատակ ունի նոր թափ հաղորդել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու Հայաստան-սփյուռք մշակութային կապին։

Նոյեմբերի 7-ին, ժամը 19:00 Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և դիրիժոր Միսաք Պաղպուտարյանի համերգով կտրվի ծրագրի մեկնարկը։ Որպես մենակատար հանդես կգա ջութակահար Աստղիկ Վարդանյանը։ Կհնչեն Ֆելիքս Մենդելսոնի, Դանիել Երաժիշտի,  Սուլհի Ալուատիի, Տիա Սուքարիի ստեղծագործությունները։

Միսաք Պաղպուտարյանը 2003 թվականից Սիրիայի ազգային սիմֆոնիկ  նվագախմբի ղեկավարն է։ Նրա ջանքերով նվագախումբը մեծ հաջողություններ է արձանագրել Սիրիայում և երկրի սահմաններից դուրս, ձայնագրել է սկավառակներ։ 1996-ին սիրիական կառավարության կողմից արժանացել է կրթաթոշակի և մեկնել է Իտալիա՝ դիրիժորական հմտություններն էլ ավելի կատարելագործելու։ Որպես դիրիժոր ղեկավարել է Ալժիրի ազգային սիմֆոնիկ, Դոմինիկյան Հանրապետության ազգային սիմֆոնիկ, Kammerphilharmonie Grunbunden և այլ նվագախմբեր։ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Սիրիայում իրականացրել է Կոմիտաս վարդապետին նվիրված ծրագիր։ Զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am