Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայ և օտարազգի լուսանկարիչներն իրենց աշխատանքներով նորովի են ներկայացրել Ջավախք աշխարհը

Հայ և օտարազգի լուսանկարիչներն իրենց աշխատանքներով նորովի են ներկայացրել 
Ջավախք աշխարհը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսում ներկայացված են համանուն լուսանկարչական արշավի մասնակիցների աշխատանքները, որոնք արտացոլում են Ջավախքի գույները, բնապատկերները, համն ու հոտը, ավանդույթները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչև նոյեմբերի 10-ը, գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունում:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի և Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ օգոստոսի 27-29-ը կազմակերպել էր «Բացահայտենք Ջավախքը» խորագրով եռօրյա լուսանկարչական արշավ:

Ծրագրի մասնակիցները՝ հայ և վրացի լուսանկարիչներ Հայաստանից և Վրաստանից, երեք օր շարունակ եղել են Ջավախքի տարբեր շրջաններում, գյուղերում ու քաղաքներում, ծանոթացել գյուղական բնակավայրերի կյանքին ու բարքերին և, իհարկե, լուսանկարել են այն ամենը, ինչ իրենց զարմացրել, հիացրել ու տպավորել է։

ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը ցուցահանդեսի բացմանը նշել է, որ ՋԱՀ-ն ունի մշակութային ծրագրերի մեծ փաթեթ, իսկ այս լուսանկարչական ցուցահանդեսն ու դրան նախորդած լուսանկարչական արշավը դրանցից հերթականներն էին. «Հիմնադրամն իր առաջ շատ բարձր նշաձող է դրել, և կորոնավիրուսի պայմաններում անգամ ՋԱՀ-ը կարողացավ աշխատել և էլ ավելի արդյունավետ իրականացնել ամենատարբեր ծրագրեր Ջավախքում։ Իսկ այս ցուցահանդեսը շատ կարևոր է Ջավախքի կյանքի տարբեր ոլորտները ներկայացնելու իմաստով։ Այստեղ դուք կտեսնենք ջավախքցու հայացքը, աշխատանքը, հավատքն ու եկեղեցին, տունն ու բնաշխարհը»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանը սրահում շրջելուց հետո շեշտել է, որ առավելագույնս հավանել է այն լուսանկարները որոնցում  արտացոլված են ջավախքյան կենցաղը, որտեղ կան մարդկային դեմքեր, ժպիտներ, իրականություն, ընտանիք, օջախ: «Մեծ պատիվ է համագործակցել ՋԱՀ-ի հետ, քանի որ այն, ինչ անում է հիմնադրամը Ջավախքում, անում է ամենաբարձր մակարդակով ու մշակութային չափանիշներով։ Վերջերս ներկա էի նաև Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահի բացմանը և պետք է ասեմ, որ հաճելիորեն զարմացած եմ ճաշակի, հետևողականության, պրոֆեսիոնալ մոտեցման ու արված աշխատանքի վրա։ ՋԱՀ-ը թելադրում է բարձր ճաշակ, բարձր չափանիշներ, և վստահ եմ, որ հետագայում էլ ավելի սերտորեն ենք համագործակցելու ամենատարբեր ծրագրերի շրջանակներում»,- ասել է փոխնախարարը:

Ցուցահանդեսի բացմանը Հայ լուսանկարիչների ասոցիացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանը, որը լուսանկարչական արշավի ընթացքում մասնակիցների հետ կիսել է իր փորձն ու գիտելիքները, նշել է, որ Ջավախքը հիացրել է իր բնապատկերներով, մարդկանցով, ավանդույթներին ու հավատքին իրենց կառչածությամբ ու առեղծվածային, գեղեցիկ վայրերով, որոնք անսպառ են:

ՋԱՀ-ի  գործադիր տնօրեն Սամվել Մկոյանն էլ նշել է, որ Ջավախքը բացահայտման կարիք ունի։ «Շատ քչերն են ծանոթ տարածաշրջանին, նրա կենցաղին ու ավանդույթներին։ Իսկ տարածաշրջանը շատ հարուստ է թե՛ իր բնաշխարհով, թե՛ ավանդույթներով ու սովորություններով և թե՛ մարդկանցով։ Այստեղ, բնականաբար, շատ փոքր մասն է ներկայացված, սակայն փորձել ենք երեք օրվա ընթացքում լինել ամենակարևոր գյուղերում ու քաղաքներում»,- եզրափակել է Մկոյանը։

Միջոցառմանը լուսանկարչական արշավի մասնակիցներին հանձնվեցին վկայագրեր, իսկ փորձագետներին՝ շնորհակալագրեր։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am