Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Շեքսպիրյան միջազգային 15-րդ թատերական փառատոնում կցուցադրվի շուրջ 15 ներկայացում

Շեքսպիրյան միջազգային 15-րդ թատերական փառատոնում կցուցադրվի շուրջ 15 
ներկայացում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որն իր շուրջ է համախմբել թատերախմբերի աշխարհի տարբեր երկրներից, 2021-ին կանցկացվի նոյեմբերի 15-20-ը: Փառատոնին երևանյան տարբեր բեմահարթակներում կցուցադրվեն Շեքսպիրի հանրահայտ գործերը՝ զանազան մեկնաբանություններով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի տնօրեն Կարո Բալյանն ասաց, որ 15-րդ անգամ փորձում են փառատոնի միջոցով նպաստել մշակութային կյանքի զարգացմանը: Նա տեղեկացրեց, որ համավարակի պատճառով եվրոպական մի քանի թատրոն չի կարողացել մասնակցել փառատոնին: 

«Շատ կարևոր է փառատոնի շրջանակում անցկացվող «FestOFF» ծրագիրը, որը նախատեսված է Հայաստանի և արտերկրի ուսանողների և անկախ թատերախմբերի համար: Ուսանողների հինգ խումբ է մասնակցում: Ծրագրի ժյուրիի նախագահը դրամատուրգ Կարինե Խոդիկյանն է, ժյուրիի անդամներն են թատերագետներ Տիգրան Մարտիրոսյանը, Հասմիկ Սեյմորը, Գայանե Թադևոսյանը, դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը»,- նշեց Բալյանն ու հավելեց, որ դեռ չի ասի, թե ինչ է սպասում հաղթողին:

Շեքսպիրյան միջազգային 15-րդ թատերական փառատոնը կհյուրընկալի 7 երկրից ավելի քան 100 մասնակիցների և հյուրերի՝ հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոնների տնօրենների Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իրանից, Թաթարստանից, Ուկրաինայից, ՌԴ-ից։

Երևանյան տարբեր բեմահարթակներում կցուցադրվի շուրջ 15 ներկայացում: Փառատոնին «Թատրոն կամրջի մոտ» («Театр у моста») թատրոնը կներկայացնի «Մակբեթը» (ՌԴ, բեմադրիչ՝ Սերգեյ Ֆեդոտով), իսկ Ռոդոպիի (Բուլղարիա) դրամատիկական թատրոնը՝ «12-րդ գիշեր» ներկայացումը:

Չեխիայի ազգային մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» փառատոնի, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, «У моста» թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆեդոտովը և իր թատերախումբը հասցրել են լինել տարածաշրջանում, սակայն առաջին անգամ են հյուրընկալվում Հայաստանում, ինչի առթիվ շատ ուրախ են: 

«Երեկ շրջել ենք Երևանում. ամեն ինչ գեղեցիկ է, հաճելի: Բազմիցս լսել եմ փառատոնի մասին, որն իսկապես կարևոր իրադարձություն է: Վերջերս Տալլինում էի:  Երբ այնտեղ իմացան, որ մասնակցելու ենք փառատոնին, ինձ խնդրեցին պայմանավորվել Կարո Բալյանի հետ այստեղ գալու համար: Ավաղ, փառատոնն անսահմանափակ հնարավորություններ չունի»,- շեշտեց նա: 

Ըստ Ֆեդոտովի՝ Հայաստանը հզոր երկիր է, որտեղ պահպանվել են շեքսպիրյան  ավանդույթները: Նա պատմեց, որ իր երիտասարդության ամենատպավորիչ պահերից մեկն այն է եղել, երբ Մոսկվայում դիտել է Հայաստանի մայր թատրոնի  «Կորեոլանը», որի գլխավոր դերակատարը հանճարեղ դերասան Խորեն Աբրահամյանն է եղել: Ֆեդոտովը մինչ օրս չի կարողանում մոռանալ  ներկայացումն ու իր ստացած  ցնցող տպավորությունը: 

Խոսելով Շեքսպիրի մեծության և նրա պիեսների միշտ արդիական լինելու մասին՝ ռեժիսորն ասաց, որ անգլիացի դրամատուրգը երբեք ժամանակավրեպ չի լինի, քանի որ նա հանճար է եղել: «Այդ դարաշրջանի բազմաթիվ հեղինակներ մոռացվել են՝ չնայած ժամանակին պակաս հայտնի չեն եղել, իսկ Շեքսպիրը հանճար է, և նրա պատմությունները, պիեսներն օրիգինալ են: Նա է հնարել այդ սյուժեները և միայն նրանից հետո են այլ հեղինակները կրկնել այդ ամենը և ոչ մի նոր բան չեն հորինել: Շեքսպիրն է ստեղծել Ռիչարդին, Համլետին, Մակբեթին: Հենց նա է գրել  համաշխարհային դրամատուրգիայի բոլոր սյուժեները»,- եզրափակեց Ֆեդոտովը:

Շեքսպիրյան փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնում։ Հանդիսատեսի դատին կներկայացվի Կիևի ազգային ակադեմիական «Երիտասարդ թատրոնի» («Молодой театр») «Ամառային գիշերվա երազ» ներկայացումը (բեմադրիչ՝ Անդրեյ Բիլոուս)։

Փառատոնը կամփոփի Ալմետի թաթարական պետական դրամատիկական թատրոնի «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումը (բեմադրիչ՝ Կարո Բալյան)։ Այն կներկայացվի նոյեմբերի 20-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում։  

Փառատոնի օրերին կանցկացվեն վարպետաց դասեր, որոնք կվարեն ՌԴ վաստակավոր արտիստ,  Չեխիայի ազգային մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» փառատոնի դափնեկիր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Սերգեյ Ֆեդոտովը (ՌԴ), «Կնեբել» թատրոնի և «MiSHiNLaB» թատերական լաբորատորիայի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Միշինը (ՌԴ), դերասանուհի Աուրելիե Իմբերտը (Ֆրանսիա) և Նովոռոսիյսկի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Տեատրալնայա գավան» փառատոնի ղեկավար Եվգենի Կուշպելը  (ՌԴ)։

Շեքսպիրյան միջազգային 15-րդ թատերական փառատոնի կայացման գործում մեծ դերակատարություն են ունեցել Հայկ Գրիգորյանը, Տիգրան Հարությունյանը և այլք:

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը հռչակավոր եվրոպական Շեքսպիրյան փառատոնների ցանցի անդամ է: 2016 թվականից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։  Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am