«Նոր գիրք»-2/22. Քրիստի, Քոքրեյն, Մասկ
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է տարբեր հրատարակչությունների` 2022 թվականին հրատարակած երեք ուշագրավ գրքեր:
Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջև, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերի
կիզակետում: Մեծահարուստների եգիպտոսյան անհոգ ճամփորդությունը փոթորկվում է մեղրամիսը վայելող երիտասարդ, հարուստ ու հաջողակ Լինեթ Ռիջուեյի սպանությամբ։ Մի բան է միայն ստույգ. հանցագործը նավի ուղևորներից է։ Իմաստուն խուզարկուն, գործի դնելով վերլուծության իր հոգեբանական
մեթոդները, պետք է բացահայտի մարդասպանին, որին ոչ ոք չի կասկածում: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:
Այսօր դժվար է պատկերացնել, բայց ժամանակին մարդիկ տներում հոսող ջուր չեն ունեցել և աշխատել են քիչ սպասքով բավարարվել: Ախր, աման լվանալը մեծ պատմություն էր. պետք էր գետից կամ լճից, կամ լավագույն դեպքում ջրհորից դույլերով ջուր կրել…Հատուկ փոքրիկների համար այս գրքով հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ Քոքրեյնի՝ ամերիկացի գյուտարի հետ, ով ստեղծել է աման լվացող մեքենան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:
«Երբ բոլորը քո դեմ են․ Իլոն Մասկն ինքն իր մասին» գրքում ամփոփված են մեջբերումներ աշխարհի ամենահայտնի մարդկանցից մեկի՝ Իլոն Մասկի հարցազրույցներից ու ելույթներից:
Գրքում թեմատիկ բաժիններով առանձնացված են Իլոն Մասկի գործունեության տարբեր ոլորտները՝ SpaceX և Մարսի գաղութացում, Tesla Motors և էլեկտրամոբիլների տարածում, SolarCity և կանաչ էներգետիկա: Բացի դա, մեջբերված են Մասկի ուշագրավ հայտարարություններն ու գաղափարները կադրային քաղաքականության, աշխատանքի և, առհասարակ, կյանքի մասին:
Գիրքը, թերևս, ամենաամփոփ ու ընդգրկուն հայալեզու աղբյուրն է, որով կարելի է պատկերացում կազմել աշխարհի ամենանպատակասլաց մարդու անցած ճանապարհի, անհաջողությունների ու հաջողությունների, ինչպես նաև ապագայի վերաբերյալ նրա տեսլականի մասին:
Գիրքը հրատարակել է «ԴաՎինչի» հրատարակչությունը, թարգմանիչն է Արմինե Ղազարյանը։
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում