Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանի կառավարությունը ծրագրում է ավելացնել աշխարհում հայագիտական կենտրոնների թիվը

Հայաստանի կառավարությունը ծրագրում է ավելացնել աշխարհում հայագիտական 
կենտրոնների թիվը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտարերկրյա  պետությունների համալսարաններում  թանգարան-ինստիտուտներում  և գիտաուսումնական կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, հայոց մշակույթի հանրահռչակման նպատակով ծրագրեր են իրականցվում 9 երկրի 11 համալսարանում:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարի տեղակալ  Արթուր Մարտիրոսյանը:

Նա հավելեց, որ դրանցից երեքը նոր են՝ պայմանագրերը կնքվել են 2021-2022 թվականներին: Այդ ցանկի մեջ են Կահիրեի համալսարանը, Ուրուգվայի համալսարանը և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը: Լրացուցիչ ֆինանսավորվել են նաև 2 հետազոտական աշխատանքներ ՝Արգենտինայում և Գերմանիայի «Մաշտոց» հայագիտական կենտրոնում:

«Փորձում ենք հայագիտական կենտրոնները ընդլայնել և պետական բյուջեով տարեկան 2 կենտրոն գոնե հիմնել, նոր բովանդակություն հաղորդել, որպեսզի տարբեր հայագիտական կենտրոններ իրար մեջ նոր հարաբերություններ ստեղծեն և իրականացնեն համատեղ ծրագրեր և հետազոտություններ: Առաջիկայում մենք պլանավորում ենք իրականացնել հայագիտական խորհրդաժողով, որին կմասնակցեն բոլոր 11 հայագիտական կենտրոնները: Փորձելու ենք հասկանալ մեր հաջորդ քայլերը և համագործակցության տարբեր ձևաչափերը՝ կենտրոնների  մեջ, նախարարության և  Հայաստանում առկա հայագիտական կենտրոնների հետ :

Փոխնախարարը նշեց, որ 2022 թվականին նախատեսում  են  ընդարձակել հայոց լեզու դասավանդող համալսարանների ցանկը: Քննարկվում են նաև Հայաստանին և հայկական մշակույթին առնչվող այլ միջոցառումների անցկացման հնարավորությունները: Նախատեսվում  են  ծրագրեր իրականացնել Լեհաստանում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Իրանում և Վրաստանում:

Արթուր Մարտիրոսյանը շեշտեց, որ աշխարհում հակահայկական քարոզչությանը հակազդելու լավագույն ձևը մեր մշակույթը տարածելն է,  հայերենի, հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ հետաքրքրության աճի մեծացումն է: «Հայաստանի հանդեպ հետաքրքրության մեծացման իմաստով հայագիտական կենտրոնները, իհարկե, ունեն առանցքային նշանակություն և հենց դա է պատճառը, որ մենք շարունակաբար ընդլայնում ենք այդ կենտրոնները, որպեսզի աշխարհում Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ հետաքրքրությունը՝ որպես  մշակութային հարուստ ժառանգություն ունեցող ժողովուրդ և որպես պետություն, միայն ու միայն աճի»,-եզրափակեց փոխնախարարը:   

Հայագիտական առարկաների դասավանդման, հայոց մշակույթի հանրահռչակման նպատակով ծրագրեր են իրականցվում 9 երկրի 11 համալսարանում՝  Պրահայի Կարլովի համալսարան ( Չեխիայի Հանրապետություն), Բուխարեստի համալսարան ( Ռումինիա), Վենետիկի Կա՛Ֆոսկարի և Հռոմի Լա՛Սապիենցա համալսարաններ ( Իտալիայի Հանրապետություն), Զալցբուրգի համալսարան ( Ավստրիայի Հանրապետություն),Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի ինստիտուտ, Հալլեի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոն ( Գերմանիայի Դաշնային հանրապետություն), Կահիրեի համալսարանը( Եգիպտոսի Արաբական Հանրապետություն), Ուրուգվայի համալսարանը( Ուրուգվայի Հանրապետություն) և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը( Ռուսաստանի դաշնություն), Արգենտինայի Քենեդի համալսարան (Արգենտինայի Հանրապետություն):

Գայանե Գաբոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am