Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Երևանյան բեսթսելեր». Աղաբաբյանն՝ ամենաընթերցված հեղինակ. հայ գրականություն. փետրվար, 2022

«Երևանյան բեսթսելեր». Աղաբաբյանն՝ ամենաընթերցված հեղինակ. հայ 
գրականություն. փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ  ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ փետրվարի վաճառքի տվյալների:

Հովհաննես Թումանյանի «Ընտրանի ծաղկաքաղ-150» գիրքն առաջին հորիզոնականում է։ Գիրքն ընդգրկում է բանաստեղծի քնարերգության և ասույթների ընտրանին: Այստեղ ներկայացված են նաև Թումանյանի մասին ասույթներ և նրան ձոնված բանաստեղծություններ: Ժողովածուն նվիրված է Թումանյանի ծննդյան 150-ամյակին և նախատեսված է ընթերցողական լայն շրջանակների համար:

Եղիշե Չարենցի ստեղծագործություններն ամփոփող ժողովածուն երկրորդ հորիզոնականում է։ Եղիշե Չարենցը հայ բազմադարան գրականության մեծագույն գագաթներից է: Երգել է Հայաստանի ու հայ ժողովրդի ստեղծագործ ուժը, փառապանծ անցյալը, պատմության ողբերգական դրվագները, պայծառ ապագան: Չարենցի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը:

Երրորդ հորիզոնականում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»: Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:

Չորրորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի...

Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» հինգերորդ հորիզոնականում է: Ըստ հեղինակի՝ այս գրքի միջոցով առաջին անգամ ընթերցողը ծանոթանում է վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, որոնք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «գաղտնի» հայտնագործություններն են:

Վեցերորդ տեղում է Վանո Սիրադեղյանի «Դուռը»։ Վանո Սիրադեղյանը նախորդ դարավերջի ամենատաղանդավոր և ընթերցված-սիրված արձակագիրներից մեկն է՝ այլևս դատապարտված այդպիսին մնալու։ Նրա արձակը որքան դասական, այնքան էլ ժամանակակից է։ Պատմություններ մարդկանց, նրանց մտածողության, խնդիրների, երազանքների ու ապրումների մասին։ «Դուռը» ժողովածուն ամփոփում է հեղինակի բոլոր նախորդ գրքերում («Կիրակի», «Ծանր լույս», «Շատ չհամարվի», «Ձեռքդ ետ տար ցավի վրայից», «Երկիր։ Ցպահանջ») տեղ գտած պատմվածքները՝ այսպիսով դառնալով նրա գեղարվեստական արձակի՝ ընթերցողին հայտնի ստեղծագործությունների համահավաք ժողովածու։

Յոթերորդ հորիզոնականում է Աշոտ Աղաբաբյանի «Վերջին անգամ ենք ապրում» վեպը։ Վեպը լեգենդար հայորդի, ժամանակին աշխարհի ամենաուժեղ մարդը համարվող ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանի բուռն ու դրամատիկ ոդիսականի մասին է։ Առաջին անգամ հայ ընթերցողը կտեղեկանա մեր պատմության «փակ» էջերի նոր բացահայտումներին, Սերգո Համբարձումյանի անհավանական թվացող փոթորկալից կյանքին, որն ուղեկցվել է Աղասի Խանջյանի, Իոսիֆ Ստալինի, Անաստաս Միկոյանի, Լավրենտի Բերիայի, Եղիշե Չարենցի, Ներքին գործերի արյունարբու Ժողկոմ Խաչիկ Մուղդուսու հետ կապված բազմաթիվ, մեր ժողովրդի համար շրջադարձային իրադարձություններով։

Ութերորդ տեղում է Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը»: Ոմանք նրան տեսել են Եվայի մերկությամբ, ոմանք՝ ծովափնյա, ինչ կա որ: Ոչինչ չէր լինի, եթե այդ պահին դուռը չբացվեր, և անակնկալ ներս չնայեր քիմիայի ուսուցչուհի Սոնա Միքայելյանը: Տեսածը տեսած էր, որ նշանակում է հաջորդ պահին այդ մասին պետք է իմանար տնօրենը, հետո ուսուցչանոցը, հետո ամբողջ դպրոցը…

Իններորդ տեղում է Հովիկ Աֆյանի «Կարմիր»-ը: Պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից: Տարբեր ժամանակների, պատերազմների, երազանքների ու ցավերի մասին այս պատմությունը մարդկանց մասին է, որոնք սիրում կամ կռվում են ամեն մեկն իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Եվ այդ սերն ու կռիվը երբեք չեն ավարտվում:

Տասներորդ հորիզոնականում է Հուսիկ Արայի «Եվ սերը ասաց» ժողովածուն: Ժողովածուն Հուսիկ Արայի սիրային բանաստեղծությունների մեկտեղումն է: Պարզ ու անմիջական, սրտի ճանապարհն ուղիղ գտնող բանաստեղծական տողն ամբողջանում է ավերված աշխարհում դեռ անաղարտ լույս ու մաքրությամբ, որ ուղղակի անդրադարձն է սիրած էակի, որ երբեմն հնչում է աղոթքի լեզվով: Սիրո գեղեցկությունն է՝ քաղաքի բացօթյա տարածության մեջ, Սիրո ազատությունը՝ մաքուր ու վայրի բնության մեջ:

 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 *

 Հովհաննես Թումանյան, «Ընտրանի ծաղկաքաղ-150»

 Էդիթ Պրինտ 164
2 *

Եղիշե Չարենց, Ժողովածու

 Էդիթ Պրինտ 153
3 *

Աշոտ Աղաբաբյան, «Թակարդ» 

հեղ․հրատ 113
4 -1

Գոհար Նավասարդյան, «Ինձ պիոններ չնվիրես» 

հեղ․հրատ 94
5 +3

Աշոտ Աղաբաբյան, «Մենակը»  

Բուկինիստ 75
6 -4

Վանո Սիրադեղյան, «Դուռը»

հեղ․հրատ 61
7 -3

Աշոտ Աղաբաբյան, «Վերջին անգամ ենք ապրում» 

Բուկինիստ 59
8 *

Վարդգես Պետրոսյան, «Վերջին ուսուցիչը»

Դարակ 54
9 +1

Հովիկ Աֆյան, «Կարմիր»

Անտարես 45
10 *

Հուսիկ Արա, «Եվ սերը ասաց»

Անտարես 34

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74), «Հատոր» (099-52-52-00, 044-52-52-00), «Ֆենիքս»  (011-323-327) գրախանութների և գրատների ցանցերը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am