Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ընտանիքին ու Հայրենիքին կանանց նվիրումն է նպաստում ազգային ավանդույթների ամրապնդմանը. վարչապետի Մարտի 8-ի ուղերձը

Ընտանիքին ու Հայրենիքին կանանց նվիրումն է նպաստում ազգային ավանդույթների 
ամրապնդմանը. վարչապետի Մարտի 8-ի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝ նշելով, որ կանանց հոգատարության, իմաստության ու համբերատարության շնորհիվ դարեր ի վեր պահում ու պահպանում եք մեր ընտանիքների ամրությունը, դաստիարակում առաջին հերթին հայրենասեր զավակներ: Ընտանիքին ու Հայրենիքին ձեր նվիրումն է նպաստում ազգային ավանդույթների պահպանությանն ու ամրապնդմանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից։

 Նիկոլ Փաշինյանի ուղերձում նշված է. «Սիրելի կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առիթով։ Հատկապես այս օրը մենք առանձնահատուկ ջերմությամբ ենք լցվում մեզ շրջապատող կանանց նկատմամբ, լինում ավելի ուշադիր ու հոգատար:

Ձեր հոգատարության, իմաստության ու համբերատարության շնորհիվ դարեր ի վեր պահում ու պահպանում եք մեր ընտանիքների ամրությունը, դաստիարակում առաջին հերթին հայրենասեր զավակներ: Ընտանիքին ու Հայրենիքին ձեր նվիրումն է նպաստում ազգային ավանդույթների պահպանությանն ու ամրապնդմանը:

Միաժամանակ, այս օրն առանձնակի կարևորվում է Մարտի 8-ի խորհուրդը՝ կապված կանանց իրավունքների պաշտպանության հետ:

Ցանկանում եմ ընդգծել, որ կանանց և տղամարդկանց միջև հավասար իրավունքների ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում լիարժեք մասնակցության ապահովումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ Շարունակական աշխատանքներ ենք տանում հասարակական կյանքում կանանց դերի բարձրացման, աշխատանքային իրավունքների պաշտպանության, բռնության ենթարկված անձանց պաշտպանության, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածության ապահովման ուղղությամբ։ Պատահական չէ, որ պետական կառավարման համակարգի բարձր օղակներում, նաև ուժային կառույցներում, հասարակական կյանքի պահպանման ոլորտում այսօր հաջող գործունեություն են ծավալում բազմաթիվ կանայք և հույս ունեմ՝ նրանց թիվը գնալով ավելի կմեծանա։

Սիրելի կանայք,

Մեր կառավարությունը հետամուտ է լինելու ձեր կողմից բարձրացվող խնդիրների լուծմանն ու հետևողականորեն նպաստելու է ձեր ներուժի լիարժեք իրացմանը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ մաղթելով ընտանեկան ջերմություն, բարեկեցություն, երջանկություն, լավատեսություն, մասնագիտական հաջողություններ ու նորանոր նախաձեռնություններ»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am