Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքի համար մարզպետարաններին կհատկացվի ավելի քան 875 մլն դրամ

Սուբվենցիոն  ծրագրերով իրականացված աշխատանքի համար մարզպետարաններին 
կհատկացվի ավելի քան 875 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց 2022 թ. պետբյուջեի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին, որով կառավարությունը համաֆինանսավորման նպատակով գումար կհատկացնի մարզպետարաններին 2020-2021 թթ. սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ պետական բյուջեից 875 մլն 473.6 հազար դրամ կհատկացվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին:

Զեկուցող Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ որոշման նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 38 համայնքի 44 սուբվենցիոն ծրագրերին:

«Դրանցից 26-ը 2021 թվականի ծրագրեր են, որոնք ավարտվել են, և անհրաժեշտություն կա 604 մլն դրամ վճարելու, իսկ 18 ծրագրերը դեռևս 2020 թ. հաստատված ծրագրեր են, որոնք իրականացվել են 2021-2022 թթ., և պետք է վճարենք կառավարության մասնաբաժինը», - պարզաբանեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:

Սուբվենցիոն  հատկացումը բաշխվելու է հետևյալ կերպ. Արագածոտնի մարզ՝ 4 ծրագիր, 29 մլն դրամ, Այրարատի մարզ՝ 4 ծրագիր, 43 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 9 ծրագիր, 106 մլն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 18 ծրագիր, 219 մլն, Կոտայքի մարզ՝ 2 ծրագիր, 127 մլն, Լոռու մարզ՝ 3 ծրագիր, 30 մլն, Շիրակի մարզ՝ 1 ծրագիր, 11 մլն, Սյունիքի մարզ՝ 3 ծրագիր, 85 մլն, Տավուշի մարզ՝ 1 ծրագիր, 170 մլն դրամ:

«Նշված վճարումով մենք կկատարենք շինարարների նկատմամբ կառավարության պարտավորությունները և կավարտենք այս ծրագրերը», - մեկնաբանեց Գնել Սանոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ աշխատանքների որակի պատշաճ վերահսկողություն իրականացվե՞լ է:

«Մենք նախորդ նիստերից մեկում քննարկել ենք հարցը, և երբ այս վճարման որոշումը կայացվում է՝ նշանակում է, որ որակի վերահսկողություն է իրականացվել և արձանագրվել է, որ պատշաճ որակո՞վ է տեղի ունեցել, թե՞ մենք դեռ պետք է իրականացնենք այդ գործընթացները», - հարցրեց վարչապետը:

Գնել Սանոսյանը պատասխանեց. «Այս պահին, այո՛, այդպես է իրավիճակը, և կան ծրագրեր, որ ավելի վաղ ավարտել էինք, բայց որակի հետ կապված խնդիրներ էին արձանագրվել, աշխատանքները չէին ընդունվել: Հիմա շինարարները շտկել են, նոր ընդունում ենք ու վճարում ենք, բայց նաև հետագա երաշխիքային ժամկետներ կան. եթե որևէ խնդիր առաջանա՝ մենք նաև նոր կարգավորում ունենք՝ տարին մեկ անգամ եղած ծրագրերը նորից մոնիթորինգ ենք անում, և խնդրի դեպքում շինարարները պարտավոր են վերացնել»:

Ինչ վերաբերում է այս տարվան՝ ՏԿԵ նախարարությունը ստացել է սուբվենցիոն ծրագրերի 461 հայտ՝ 79,5 մլրդ դրամ ընդհանուր գումարով, որից կառավարության մասնաբաժինը 43,5 մլրդ դրամ է:

«Բոլոր ծրագրերը շրջանառվել են համապատասխան գերատեսչություններով, հավանության արժանացել են, հետ ենք ուղարկել համայնքներ և սպասում ենք համայնքներից նախագծերի ուղարկելու գործընթացին: Մի քանի նախագիծ արդեն ստացել ենք, որոշակի քանակություն հավաքելուց հետո արդեն փոխվարչապետի գրասենյակում մյուս ընթացակարգերը կշարունակենք», - պարզաբանեց նախարար Սանոսյանը:

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը 2018 թվականից նախաձեռնել է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը: 2021 թ. սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 673 սուբվենցիոն ծրագիր: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես՝ համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ: Միաժամանակ, 2021 թ. կառավարության որոշումներով համաֆինանսավորված շուրջ 33 ծրագրի մոտ 494,868.5 հազար դրամ ֆինանսական միջոցները մարզպետարանները չեն կարողացել վճարել, և այդ գումարը վերադարձվել է ՀՀ պետական բյուջե։  2021թ. ներկայացված՝ 9 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 11 ծրագրերի գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am