«Գերմանական Բարեկամություն» ծրագիրը շարունակում է աջակցել Հայաստանի կրթօջախներին
ԳՅՈՒՄՐԻ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փանիկի միջնակարգ դպրոցում վերանորոգումից հետո շահագործման հանձնվեց հատուկ կարիքներով երեխաների հետ աշխատանքի համար նախատեսված դասարան: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության համար մատչելի միջավայրի և պայմանների ստեղծումը հնարավոր է դարձել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության շնորհիվ՝ «Գերմանական Բարեկամություն» ծրագրի շրջանակներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի ղեկավար Մկրտիչ Բաբայանը, ծրագրի շրջանակներում իրականացվել է դասարանի վերանորգում՝ տեղադրվել են նոր եվրոպատուհաններ և դուռ, իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ: Ծրագրի շրջանակներում դասասենյակը նաև կահավորվել է՝ ձեռք է բերվել հարմարավետ կահույք, ավազաթերապիայի սեղան և դիտակտիկ նյութեր:
«Մեծ ուրախություն է, որ այս երեխաների կողքին ենք: Հիսուսն ինքն ասած. «Թողե՛ք մանուկները մեզ մոտ գան, քանի որ երկնքի արքայությունը նման է այս մանուկներին, քանի որ իրենց սիրտն անբիծ է ու անարատ: Մենք՝ որպես եկեղեցի և «Հայկական Կարիտաս», որոշեցինք, որ աջակից ու նեցուկ լինենք մեր այս երեխաներին, քանի որ եկեղեցու սոցիալական պարտականությունն է իր հոտին ու ժողովրդին աջակիցը լինելը»,- դասասենյակի բացման ժամանակ նշեց Կաթողիկե եկեղեցու առաջնորդական տեղապահ՝ Հայր Գառնիկ Ծայրագույն Վարդապետ Հովսեփյանը:
Կատարված աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով «Հայկական Կարիտաս»-ին՝ դպրոցի տնօրեն Արսեն Մամիկոնյանը ընդգծեց, որ կատարած աշխատանքը մեծ ներդրում է համայնքի համար: «Մենք էլ մեր հերթին ենք շնորհակալ՝ մեր աշխատանքն արդյունավետ ու նպատակաուղղված դարձնելու համար. սենյակն օրինակելի ու հարմարավետ է»,- նշեց ուսուցչի օգնական Մարգարիտա Բոյաջյանը:
«Գերմանական Բարեկամություն» ծրագրի շրջանակներում այս տարի փոխվել են նաև Արթիկի թիվ 4 մանկապարտեզի պատուհաններն ու պատուհանագոգերը, տեղադրվել են նոր դռներ:
Ծրագիրը կյանքի է կոչվել 2003 թվականին՝ Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգզի անվան գիմնազիայի ուսուցչական անձնակազմի, սաների և ծնողների նախաձեռնությամբ: Առ այսօր գիմնազիան պարբերաբար դրամահավաք է կազմակերպում, որպեսզի Հայաստանում դպրոցահասակ երեխաների կրթական պայմանները բարելավվեն և լուծվեն դպրոցների առաջնային խնդիրները: Ծրագիրը նաև սատարում է համայնքային կարողությունների ձևավորմանը` խթանելով համայնքային մասնակցությունը ծրագրի իրականացման բոլոր փուլերում: Համայնքները ծրագրերում իրենց մասնակցությունն են ունենում ապահովելով ներդրում`աշխատանքի, շինանյութի և գումարի տեսքով:
Արմենուհի Մխոյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում