Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Այսուհետ հայկական արտադրանքը խանութներում կառանձնանա հատուկ տարբերանշաններով

Այսուհետ հայկական արտադրանքը խանութներում կառանձնանա հատուկ 
տարբերանշաններով

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արտադրանքը խթանելու և հանրությանը ներկայացնելու  համար Էկոնոմիկայի նախարարությունը մի շարք առևտրի կետերում և հայկական արտադրության հագուստի խանութներում իրականացնում է իրազեկման արշավ՝ բոլոր հայկական արտադրանքների դիմաց փակցնելով նոր դիզայներական տարբերակող տարբերանշաններ:

Լուսանկարները` Հայկ Բադալյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը նշեց, որ  ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը 2021 թվականին մեկնարկել էր «Made in Armenia» նախագիծը, որի նպատակն է լայն հանրությանը իրազեկել հայկական արտադրության մասին և բարձրացնել հայկական արտադրանքի վարկանիշը ՝ ներկայացնելով բոլոր  որակյալ և նորարար արտադրանքները:

Նա ասաց, որ նախագծի ընթացքում հասցրել են շփվել բազմաթիվ արտադրողների, սպառողների հետ և հասկացել են, որ կա մեկ ընդհանուր խնդիր՝ դա իրազեկվածության ցածր մակարդակն է: Նախագծի գլխավոր նպատակն է ստեղծել մեկ հարթակ, որի միջոցով կարող են սպառողներն ու արտադրողները կապ հաստատել  միմյանց հետ և տեղեկանալ ամենաթարմ հայկական արտադրանքների, ինչպես նաև ծառայությունների մասին:

Գայանե Անտոնյանի խոսքով՝ «Made in Armenia» նախագծի շրջանակում նախաձեռնել են աշխատանք սուպերմարկետների և խանութների ցանցերի հետ և  այժմ ունեն համագործակցություն երկու սուպերմարկետի ցանցի և մի շարք հայկական արտադրության  հագուստի խանութների հետ:

«Համագործակցությունը կայանում է հետևյալի մեջ. բոլոր հայկական ապրանքների գնապիտակների կողքին ունենում ենք «Made in Armenia» նախագծի կողմից ձևավորված դիզայներական պիտակներ, և այդ պիտակների նպատակն է սպառողներին ուղղորդել, որպեսզի գնեն հայկականը և գնումներ կատարելիս ուշադրություն դարձնեն ապրանքի ծագման երկրին և նախապատվությունը տան հայկականին: Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է համախմբվենք մեկ գաղափարի շուրջ, այն է՝ ամուր պետության հիմքում կայուն և ամուր տնտեսությունն է, իսկ տնտեսության հիմքում զարգացած տեղական արտադրությունը»,-եզրափակեց նա:

Սուպերմարկետների և հայկական արտադրության հագուստի խանութների աշխատողների խոսքերով՝ վերջին տարիներին հայկական արտադրանքի հանդեպ ուշադրությունը զգալի մեծացել է, և  նման տարբերակող և աչքի ընկնող պիտակները նույնպես մեծ դեր ունեն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am