Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանն ու Հնդկաստանն ակտիվացնում են համագործակցությունը զբաղվածության ու սոցիալական պաշտպանության ոլորտում

Հայաստանն ու Հնդկաստանն ակտիվացնում են համագործակցությունը 
զբաղվածության ու սոցիալական պաշտպանության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ ակտիվացնելու համագործակցությունը զբաղվածության ու սոցիալական պաշտպանության ոլորտում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ նման մակարդակի երկխոսության առաջին փորձն է:

«Հնդկաստանը շատ կարևոր երկիր է Հայաստանի համար բազմաոլորտ համագործակցության համատեքստում: Այս առումով ասեմ, որ բավական արդյունավետ այց էր, որը հագեցած էր ձեռք բերված պայմանավորվածություններով: Արդեն ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք աշխատելու են պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,-ասաց նախարար Մկրտչյանը:

Նարեկ Մկրտչյանն առանձնացրեց Հնդկաստանում գործող «Skill India» պետական խոշոր կորպորացիայի ղեկավարության հետ հանդիպումը: Կորպորացիան համագործակցում է տարբեր բիզնես ասոցիացիաների, խոշոր ընկերությունների հետ` աշխատելով մարդկանց հմտությունների զարգացման, վերապատրաստումների ուղղությամբ: Կորպորացիան ակտիվ հարաբերություններ ունի ուսումնական հաստատությունների, բիզնես- կազմակերպությունների հետ, հստակեցնում է, թե որ ոլորտներն են գերակա, ինչ մասնագետներ են անհրաժեշտ: Այսինքն՝ կատարվում է բազմակողմանի ուսումնասիրություն, մեկ տեղում հավաքագրվում է ամբողջ ինֆորմացիան և փոխադարձ համագործակցությամբ փորձում են արձագանքել աշխատաշուկային: Դա արվում է խիստ համակարգված, հանրապետության ամբողջ տարածքով:  Կորպորացիան  իրականացնում է տարեկան 60 մլն մարդու վերապատրաստում: Նախարարը տեղեկացրեց, որ կորպորացիայի ղեկավարության հետ ստորագրվել է հուշագիր Հայաստանում նման ինստիտուտ ներդնելու համար:

«Մեծ թվով մարդկանց վերապատրաստելու, աշխատաշուկայում մրցունակ դարձնելու Հնդկաստանի փորձը մեզ համար շատ կարևոր է: Այսօր մենք մեր զբաղվածության ծրագրերը վերագնահատում ենք, որպեսզի դարձնենք առավել թիրախային: Ահա այդ համատեքստում շատ կարևոր է միջազգային հաջող փորձն ուսումնասիրելը: Այդ առումով Հնդկաստանը բավական հաջող փորձ ունի:  Եթե մեզ հաջողվեց նման համակարգ ներդնել Հայաստանում, ապա մենք կկարողանանք հմտությունների զարգացման նոր ճանապարհներ առաջարկել մեր քաղաքացիներին»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:

Արդյունավետ հանդիպում է տեղի ունեցել նաև Հնդկաստանի աշխատանքի, զբաղվածության և շրջակա միջավայրի նախարար Բհուպենդեր Յադավի հետ: Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի քանի ուղղություններով համաձայնագրեր ստորագրելու համար: Արդեն իսկ ձևավորվել է աշխատանքային խումբ, հստակեցվել է այն մարդկանց ցանկը, որոնք պատասխանատու են Հայաստանի հետ այդ ոլորտում աշխատանքներն առաջ տանելու համար:

«Հաջորդ շաբաթվանից կսկսենք աշխատանքները: Ուղղություններից մեկը կազմակերպված աշխատանքային միգրացիայի շուրջ քննարկումներն են: Ինչպես գիտեք Հնդկաստանից աշխատուժ է ներգրավվում Հայաստանի տարբեր ոլորտներում: Նախատեսում ենք այդ շարժն օրինական իրավահարաբերությունների հիմքի վրա դնել, իրավական խորհրդատվություն տրամադրել, ոչ ֆորմալ երևույթները ֆորմալացնել, վերապատրաստման հնարավորություններ տալ»,-ասաց նա:

Հաջորդ ուղղությունը, որը կրկին զարգացած է Հնդկաստանում սոցիալական պաշտպանության և աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտն է: Նախարարը նկատեց, որ Հնդկաստանն այն եզակի երկրներից է, որ հեռավար աշխատանք իրականացնող մարդկանց տվել է կարգավիճակ՝ ներառելով սոցիալական պաշտպանության համակարգում: Հայաստանի համար դա ևս կարևոր է: Այս ուղղությամբ սկսվելու է փորձի փոխանակման գործընթաց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am