Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

Կառավարությունը 2017-ի համեմատ վերադարձրել է շուրջ 1200 տոկոսով ավելի եկամտային հարկի գումար

Կառավարությունը 2017-ի համեմատ վերադարձրել է շուրջ 1200 տոկոսով ավելի 
եկամտային հարկի գումար

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը նախորդ տարի վերադարձրել է 32 մլրդ 640 մլն դրամ եկամտային հարկի գումար, որը 1250 տոկոսով ավելին է, քան 2017 թվականին վերադարձվածը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ  մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանն ունեցած իր ելույթում:

Վարչապետը նախ հիշեցրեց, որ 2018-ի դրությամբ գործել է եռաշերտ եկամտային հարկի դրույքաչափ: Հետո սահմանվել է համահարթ եկամտային հարկ, որոշվել, որ դրույքաչափն ամեն տարի իջեցնելով պետք է հասնել 20 տոկոսի: 2022-ի դրությամբ եկամտային հարկը 21 տոկոս է:

Փաշինյանը նկատեց՝ այն ժամանակ կառավարությանը քննադատել են պետական բյուջեի եկամուտները նվազեցնելու մեջ: «2017 թվականին հավաքագրվել է 343 մլրդ 683 մլն եկամտային հարկ, երբ հարկային դրույքաչափերը եղել են անհամեմատ բարձր: 2021 թվականին, երբ վերին շեմից ընդհուպ տասնըքանի տոկոսով նվազում ենք ունեցել, եկամտային հարկ հավաքագրել ենք 459 մլրդ դրամ, այսինքն՝ 116 մլրդ դրամով կամ 33 տոկոսով ավելի եկամտային հարկ: Սա շատ հետաքրքիր էֆեկտ է, երբ մենք, հարկային դրույքաչափը նվազեցնելով, ավելի շատ հարկ ենք հավաքել»,- ասաց վարչապետը:

Մի քանի հոդվածներով եկամտային հարկը պետությունը վերադարձնում է, որոնցից ամենածավալունը հիփոթեքային վարկի սպասարկման մասով եկամտային հարկի վերադարձի ծրագիրն է:

«2017 թվականին վերադարձել է 2 մլրդ 417 մլն դրամ եկամտային հարկ: 2021-ին մենք վերադարձրել ենք 32 մլրդ 640 մլն դրամ եկամտային հարկ, որը 1250 տոկոսով ավելի է, քան 2017 թվականին վերադարձվածը: Սա նշանակում է, որ մարդիկ բնակարան են ձեռք բերել: Նաև մի քանի այլ սոցիալական ուղղություններով վերադարձի պրակտիկա գոյություն ունի»,-ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ դա կառավարության բարեփոխումների շատ ուղիղ արդյունքն է, որն ունի և´ ֆիսկալ, և´ սոցիալական, և´ տնտեսական նշանակություն: Նա հավելեց՝ տնտեսության ամենաբարձր ցուցանիշ ունեցող ճյուղը շինարարությունն է, նախորդ տարվա նկատմամբ ակտիվությունը հասնում է 9 տոկոսի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am