Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Երկամյա դադարից հետո կվերագործարկվի «Ներուժ» ծրագիրը

Երկամյա դադարից հետո կվերագործարկվի «Ներուժ» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկամյա դադարից հետո «Ներուժ»  սփյուռքի տեխնոլոգիական ստարտափներին աջակցող պետական ծրագիրը վերադառնում է վերաբրենդավորված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ ծրագրի նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը, ինչը կնպաստի  Հայաստանի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը:

«Ներուժ»-ն այն ծրագիրն է, որը կամրջում է Հայաստանի և Սփյուռքի նորարարական միտքը՝ դառնալով մեր երկրի ապագային միտված նախագծերի հնարավորության կարևոր անկյունքարը: Ծրագիրը լավ հնարավորություն է աշխարհի տարբեր անկյուններում  ապրող մեր հայրենակիցների համար վերադառնալու հայրենիք, այստեղ բիզնես հիմնելու, ապրելու և ներդրում ունենալու Հայաստանի առաջընթացի գործում»,- նշեց նա:

«Ներուժ  3.0»-ը կանցկացվի սեպտեմբերի 26-30 Դիլիջանում: Նախատեսվում է աշխարհի տարբեր անկյուններից Հայաստանում հյուրընկալել շուրջ 30 ստարտափների 60 ներկայացուցիչների: Սփյուռքի տեխնոլոգական ստարտափների ծրագիրը կիրականացվի «Իմ քայլը» հիմնադրամի հետ գործակցությամբ: Նոր կայքը գործարկվել է,  հայտերը կընդունվեն հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 22-ը: 

«Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանը լիահույս է, որ համատեղ ջանքերով ծրագիրը կլավարկվի: Նա վստահեցրեց՝ հիմնադրամը չափազանց կարևորում է Հայաստանում սփյուռքի համահայկական մարդկային կապիտալի կենտրոնացումը:

«Ուրիշ էլ ո՞ր ծրագրի շրջանակներում, եթե ոչ «Ներուժ»-ի, պետք է կանգնել կառավարության կողքին, սատարել և համատեղ ջանքերի ներդրման շնորհիվ կրկին արդեն երրորդ անգամ իրագործել այս ծրագիրը»,- նշեց Հայրապետյանը:

Ծրագրին կարող են մասնակցել այն ստարտափները, որոնց հիմնադիրների կամ համահիմնադիրների առնվազն կեսը սփյուռքահայեր են: Նախքան ծրագրին դիմելը  ստարտափը պետք  ունենա կազմավորված թիմ: Լավագույն գաղափարները կարժանանան դրամաշնորհի՝ հնարավորություն տալով մասնակիցներին՝ զարգացնել գաղափարն ու վերածել բիզնես նախաձեռնության: Ծրագրի մրցանակային ֆոնդը 45 մլն դրամ է: 

«Ենթանպատակներից ամենակարևորներից է՝ ստեղծել գլոբալ միջազգային ընկերություններ և ապահովել Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում ներդրումային միջավայրի զարգացումը: Որպես արդյունք, մենք ակնկալում ենք մոտ 10 ընկերություն ստեղծել, զարգացնել և հանել միջազգային շուկա»,- նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

Ծրագրի կարևոր նախապայմաններից է Հայաստանում ստարտափ գրանցելը, գործունեություն ծավալելը և առնվազն մեկ տարի ՀՀ-ում բնակվելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am