Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Ագրեսոր կողմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել գործողություններն ու հանդուրժողականություն դրսևորել. ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչ

Ագրեսոր կողմին կոչ ենք անում  անհապաղ դադարեցնել գործողություններն ու 
հանդուրժողականություն դրսևորել. ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում Հնդկաստանի ներկայացուցիչ Ռուչիրա Կամբոջը կոչ արեց ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել գործողություններն ու հանդուրժողականություն դրսևորել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա նշեց, որ այդ գործողությունները լուրջ սպառնալիք են ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի խաղաղության և կայունության համար:

«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չի կարող իրեն թույլ տալ լռություն պահպանել եւ թողնել , որ իրավիճակը գնալով ավելի վատթարանա: 2020թ նոյեմբերի 9-ին կրակի դադարեցումը ՌԴ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով արդյունավետ մեխանիզմ էր կարգավորելու համար մնացած հարցերը»,-ասաց նա` կոչ անելով կողմերին հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ խաղաղ կարգավորման գալու համար:

Հնդկաստանի ներկայացուցիչը նշեց նաև, որ պետք է նախ պարզել, թե ինչու է իրավիճակը սրվել Կովկասում, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին:

«2020թ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը դեռ թարմ է մեր հիշողություններում: Վերջին հաղորդագրությունները, հայ -ադրբեջանական սահմանի վերաբերյալ, մասնավորապես հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքներին, խորը մտահոգության առիթ են դարձել մեզ համար»,-հավելեց նա:

ՄԱԿ ԱԽ հրատապ նիստն անցկացվում է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ ՀՀ դիմումի հիման վրա: Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am