Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում բարելավվել են Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգի աշխատանքները

ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում բարելավվել են Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգի 
աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգի «Կոպերնիկուս» համակարգի միջոցով իրականացվող ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակում հոկտեմբերի 12-ին կայացավ համաժողով, որին մասնակցեցին գիտնականներ և մասնագետներ Հայաստանից, Հունաստանից, Վրաստանից և Ուկրաինայից :  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագրի շրջանակներում 2014-2020 թվականներին հետազոտվել է Սևանա լիճը և նրա ջրհավաք ավազանը, Վրաստանի ողջ առափնյա գիծը և Կոլխեթի հարթավայրերը, Նեստոս գետը, նրա դելտան, դելտային մոտ գտնվող ափամերձ գոտին և Դնեստր գետի դելտան և հարակից գետաբերանը, լողափերը և հանգստի գոտիները, Օդեսա քաղաքից մինչև Դանուբ գետի դելտան: Ծրագրի ղեկավար գործընկերը հանդիսանում է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի փորձագիտական թիմի անդամ Աղավնի Հարությունյանի խոսքով՝ ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում համատեղվել են տարբեր գործընկերների ջանքերը, որպեսզի բարելավվի շրջակա միջավայրի մոնիթորինգը:

«Ծրագրի շրջանակներում օգտագործվում են «Կոպերնիկուս» համակարգի տվյալներն ու ծառայությունները, որոնց միջոցով կարելի է շրջակա միջավայրի վերլուծություն և մոնիթորինգ կատարել: Ծրագրի շրջանակներում ստեղծել ենք գործիքներ և ալգորիթմներ, որոնք կիրառելով, կարողանում ենք արբանյակային պատկերները վերլուծել և տեսնել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել և ինչ դինամիկա կա, ինչ կանխատեսումներ կարելի է անել: Արբանյակային պատկերներով կարող ենք 20, 30 և ավելի տարիներ հետ գնալ և 1980-ական թվականներից մինչև մեր օրերը տեսնել, թե Սևանա լճի վիճակը ինչպիսի՞ն էր և ինչպե՞ս փոփոխվեց, ի՞նչ կլինի»,- ընդգծեց Հարությունյանը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը նշեց, որ ծրագրի նպատակն է ավելի խորացնել և ամրապնդել տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը բնապահպանական մարտահրավերները հաղթահարելու համար:

«Նման համագործակցություններ պետք է ավելի շատ ունենանք, և հատկապես նմանատիպ ծրագրերը հնարավորություն են տալիս բնապահպանական մարտահրավերներին մոտենալ համագործակցությամբ, որովհետև մեկ կազմակերպություն դժվար կարողանա նման խնդիրները լուծել»,- ասաց Ամիրխանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am