Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ստեփանակերտում ակնկալում են ՌԴ-ի ավելի գործուն աջակցությունն ու քայլերը

Ստեփանակերտում ակնկալում են ՌԴ-ի ավելի գործուն աջակցությունն ու քայլերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծում է, որ մի խումբ ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումն Ադրբեջանի կողմից պետականորեն կազմակերպված միջոցառում է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանն այս մասին ասել է դեկտեմբերի 13-ին Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում ՝ անդրադառնալով բնապահպան ներկայացող մի խումբ ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհահատվածը փակելու հետ կապված իրավիճակին: «Սա, ինչպես իրենք են փորձում ներկայացնել, ինքնաբուխ, հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառում չէ, այլ պետականորեն հստակ պլանավորված միջոցառում, որն իրենք կազմակերպում են՝ ունենալով Արցախը հայաթափելու նպատակ: Ուզում եմ նշել, որ դա չի ստացվելու: Եվ ուզում եմ այսօր կրկնել այն ամենը, ինչ ասել եմ Ֆրանսիայում բոլոր հանդիպումների ժամանակ՝ Արցախը կանգնած է ցեղասպանության եզրին: Քանի որ հնարավոր չէ, որպեսզի Ադրբեջանն իրականացնի այն ծրագիրը, օրակարգը, որն այսօր ունի, որպեսզի արցախցիները հրաժարվեն ինքնորոշման միջազգային իրավունքից, ինչպես նաև հնարավոր չէ ճնշման հետևանքով հայաթափել Արցախը, ապա մնում է երրորդ տարբերակը՝ ցեղասպանություն: Մենք պետք է բարձրաձայնենք այդ մասին՝ օգտագործելով ոչ միայն հայության ներուժն ու մեր բարեկամների հնարավորությունները, այլ քաղաքակիրթ աշխարհը պետք է գիտակցի այս ամենը»,-ընդգծեց Նախագահ Հարությունյանը՝ հավելելով, որ Արցախի Ազգային ժողովի այսօրվա հայտարարությունից հետո ակնկալիք կա, որ ՀՀ գործընկերները նույնպես ուղղակի ակտիվ մասնակցություն կունենան՝ իրենց պահանջով ու բոլոր հնարավորությունների օգտագործմամբ միջազգային հարթակներում բարձրաձայնելու արցախահայության տարրական հումանիտար, ինչպես նաև Արցախում ապրելու և միջազգային հանրության հետ կապ ունենալու իրավունքների մասին:

«Ես ուզում եմ դիմել հայությանը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ շրջափակումը, որը բերելու է հումանիտար աղետի՝ օգտագործել բոլոր հնարավորությունները Սփյուռքում, ՀՀ-ում, և խաղաղ ակցիաներով փորձել միջազգային հանրությանն ու միջազգային կառույցներին ոտքի կանգնեցնել: Սա իմ կոչն է ու խնդրանքը, քանի որ դրա կարիքը մենք այսօր առավել քան երբևէ, ունենք: ես Ակնկալում եմ, որ Հայաստանում մեր հայրենակիցներն այսօր, վաղը կամ րոպեներ հետո բոլոր հնարավորություններն օգտագործելու են տարբեր դեսպանատների, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ և այլն, բարձրաձայնել արցախահայերի արդարացի պահանջը»,-ասաց երկրի ղեկավարը:

Նրա խոսքով՝ Արցախում լավ գիտակցում են ,որ Ադրբեջանը փորձելու է կասկածի տակ դնել և վարկաբեկել ՌԴ խաղաղապահ առաքելությունը։ «Սա մենք շատ լավ գիտակցում ենք, բայց անկախ ամեն ինչից ակնկալում ենք,որ խաղաղապահ առաքելություն իրականացնող կողմը, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնությունը, ավելի գործուն աջակցության և քայլերի է դիմելու: Իհարկե ակնկալում ենք, որ Ֆրանսիան՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ, Եվրոպայում և ընդհանուր առմամբ աշխարհաքաղաքական առումով լուրջ դերակատարություն ունեցող երկիր, օգտագործի իր խողովակները։ Երեկ մեզ հնարավորություն է եղել օգտագործել ամերիկյան թևը, քանի որ ժամանակի առումով հնարավորությունը եղել է»,-շեշտեց Արայիկ Հարությունյանը՝ հորդորելով արցախցիներին լինել համբերատար, միասնական, չենթարկվել խուճապի, սադրանքների և կազմակերպված ու միասնական պայքարով հաղթահարել այս ծանր փուլը:

Վան Նովիկով  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am