Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր և կարևոր գործընկեր է. ՀՀ փոխվարչապետն ու ԻԻՀ փոխնախագահը Թեհրանում աշխատանքային հանդիպում են ունեցել

Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր և կարևոր գործընկեր է. ՀՀ 
փոխվարչապետն ու ԻԻՀ փոխնախագահը Թեհրանում աշխատանքային 
հանդիպում են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի համանախագահությամբ հունվարի 31-ին Թեհրանում կայացել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, նիստի շրջանակներում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական հարաբերությունների՝ այդ թվում ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության  զարգացման և ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։

Նիստի նախօրեին կայացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի աշխատանքային հանդիպումը։

Հանձնախմբի աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի նախարարների տեղակալների մասնակցությամբ տեղի են ունեցել առանձին թեմատիկ քննարկումներ՝ հայ-իրանական համագործակցության փոխշահավետ ուղղություններով առկա խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու նպատակով։

Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունները մշտադիտարկող հանձնախմբի նիստի ավարտին փոխվարչապետը, նշելով, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր և կարևոր գործընկեր է, շնորհակալություն է հայտնել իրանական կողմին ցուցաբերած ջերմ ընդունելության համար և կարևորել է նման ձևաչափով պարբերական քննարկումների անցկացումը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Մասուդ Միրքազեմիին հրավիրել է Երևան հաջորդ նման ձևաչափով նիստն անցկացնելու համար։

Երկուստեք նշվել է, որ արձանագրված խնդիրների լուծումները մշտապես կլինեն երկու երկրների կառավարությունների ուշադրության կենտրոնում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am