Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Գյումրու Բարեկամության այգում գործում է հանրային սահադաշտ, որը շատ են այցելում զբոսաշրջիկները                    

Գյումրու Բարեկամության այգում գործում է հանրային սահադաշտ, որը շատ են 
այցելում զբոսաշրջիկները                  

 

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ժամանցային վայրերի թիվն ավելացավ ևս մեկով՝ այժմ թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար Բարեկամության այգում կգործի հանրային սահադաշտ։  815 քմ տարածք զբաղեցնող շարժական սահադաշտը հագեցած է չմշկելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, յուրօրինակ դիզայն ունեցող հանդերձարաններով և գլխապտույտ ոլորաններով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սահադաշտին կից գործում է վերնիսաժ, որի 25 փայտյա տաղավարները կառուցվել են տեղի արհեստավորների կողմից։ Այն կծառայի որպես գյումրեցի վարպետների և արվեստագետների ձեռքի աշխատանքների ու ստեղծագործությունների մշտական ցուցահանդես-տոնավաճառ։

Հատկակես բազմամարդ է սահադաշտը երեկոյան: «Ինչ սկսել է գործել սահադաշտը, այգում ակտիվություն է, գալիս են ահել ու ջահել՝ 3-63 տարեկանները: Շատ են հատկապես զբոսաշրջիկները: Մեկ անգամ այցելողին հաջորդ օրն էլ կտեսնես»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հսկիչը՝ Հովհաննես Մովսիսյանը:

327837498_561009025747389_2548934109255886917_n.jpg (606 KB)Մինչ 1988 թվականի երկրաշարժը Գյումրիում սահադաշտեր շատ կային՝ մեծ սահադաշտ գործում էր Տեքստիլագործների թաղամասում, սահադաշտեր ունեին նաև որոշ դպրոցներ, սակայն երկրաշարժից հետո այս ամենը վերացավ:

Անցած տարիների ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում երիտասարդական նախաձեռնությամբ ու տարբեր անհատների կողմից բացվեցին սահադաշտեր, սակայն դրանք իրենց չափերով ու որակով զիջում էին նոր սահադաշտին:

«Ինձ համար սա կրկնակի հաճույք է, քանի որ ես տափօղակով հոկեյի մարզիկ եմ։ Նույնիսկ 76 թվականին Վորոնեժում մրցումների եմ մասնակցել։ 70–ականներից խաղացել եմ, այդ տարիներին Գյումրու Տեքստիլ թաղամասում սահադաշտ կար, սահադաշտեր ունեին նաև դպրոցները, բայց երկրաշարժից հետո ամեն ինչ վերացավ»,- ասում է Ղուկաս Մնացյանը՝ թոռներին ցույց տալով իր հմտությունները:

325109798_849079319532358_5629647875435548095_n.jpg (571 KB)

Վերնիսաժի տաղավարների և սահադաշտի կառուցումն իրագործվել է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի կողմից` «Եվրամիությունը բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի ու ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից և իրականացվում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։

Այգու վերակառուցման ամբողջական ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես մասնավոր-հանրային համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։

ՀՀ կառավարությունը 1,7 մլն դոլարով մասնակցել է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների արտաքին ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին` Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։

Ընդհանուր առմամբ, այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար, որից 4 մլն դոլարից ավելին ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։

Այգին ավելի քան 50%-ով պատրաստ կլինի շահագործման այս տարվա աշնանը, իսկ զբոսայգու վերջնական բացումը իր բոլոր օբյեկտներով նախատեսվում է 2024 թ ամռանը:        

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]