Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության 
իրավիճակում. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում տնտեսական աճի միտումների և զարգացման ծրագրերի վերաբերյալ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, թեմայի առնչությամբ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Նախորդ օրը Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում: Մենք խնդիր ենք առաջադրել նաև 2023թ. ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական  աճ: Առաջարկում եմ քննարկել տնտեսական ակտիվության ցուցանիշի հետ կապված որոշ նրբություններ և ի մի բերել մեր առաջիկա անելիքները՝ տնտեսական ակտիվության վերաբերյալ մեր նպատակադրումները երաշխավորելու իմաստով»:

Պատասխանատուներն անդրադարձել են 2023թ. հունվար-փետրվարի մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին: Ըստ այդմ՝ արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 10.9 տոկոս աճ: Շինարարության ծավալն աճել է 13.2, ծառայություններինը՝ 23.5, ներքին առևտրաշրջանառությանը՝ 18, արտաքինը՝ 77.7 տոկոսով: Նվազել է սպառողական գնաճի ցուցանիշը՝ կազմելով 8.1 տոկոս: Նշվել է, որ շարունակվում է կապիտալի և աշխատուժի ներհոսքը դեպի Հայաստան:

Քննարկվել են տնտեսության ոլորտում արձանագրվող առաջանցիկ աճի դինամիկայի պահպանման ուղղությամբ անելիքները: Անդրադարձ է եղել արդյունաբերության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, ենթակառուցվածքների, էներգետիկայի, տեխնոլոգիաների և մյուս բնագավառներում ներդրումային նախագծերի ու զարգացման ծրագրերին, բարեփոխումների օրակարգին, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը, միջազգային տնտեսական միտումներին և այլն:

Ամփոփելով՝ երկրի վարչապետը կարևորել է տնտեսական շարունակական աճի ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքը և հանձնարարել ուշադրության կենտրոնում պահել Կառավարության նպատակադրումների կյանքի կոչումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]