Հայաստանի և Հնդկաստանի համագործակցությունը պաշտպանության ոլորտում թևակոխել է զարգացման նոր փուլ
12:07, 19 Ապրիլ 2023
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 19-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարությունից։
Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունաշատ աշխատանք:
Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկա մակարդակը՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը թևակոխել է զարգացման նոր փուլ:
Դեսպանը հայտնել է հնդկական կողմի՝ համագործակցության զարգացման պատրաստակամությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում