Երևանում՝ 11:07,   28 Փետրվար 2024

Թուրքիայում տեղի են ունենում վերջին տարիների ամենավճռորոշ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները

Թուրքիայում տեղի են ունենում վերջին տարիների ամենավճռորոշ նախագահական 
ու խորհրդարանական ընտրությունները

ՍՏԱՄԲՈՒԼ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում մայիսի 14-ին մեկնարկել են երկրի վերջին տարիների պատմության թերևս ամենակարևոր և վճռորոշ ընտրությունները։ Ավելի քան 64 մլն մարդ այսօր կարող է իր վճռորոշ ձայնն ասել երկրի նախագահական և 28-րդ գումարման խորհրդարանական ընտրություններում։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առավոտից ընտրատեղամասերում քվեարկողների պակաս չի երևում, բոլորը միաձայն նշում են, որ եկել են իրենց ձայնը ասելու՝ «հանուն Թուրքիայի ապագայի»։

Ընտրություններում հիմնական պայքարն ընթանում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) ու ընդդիմության միասնական առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և նրա գլխավորած քեմալական Հանրապետաժողովրդական կուսակցության (CHP) միջև։

Արդեն իսկ ակնհայտ է, որ 2023-ի ընտրություններն աննախադեպ փորձություն են լինելու իսլամական և ազգայնական գաղափարախոսության կրող Էրդողանի համար, ով առաջադրվել է չորս կուսակցությունից բաղկացած Ժողովրդական դաշինքի կողմից։ 2003 թվականից ի վեր իշխանությունում գտնվող Էրդողանն ու «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առավել քան երբևէ մոտ են իրենց բացարձակ իշխանությունը զիջելուն։ Պատճառները տարբեր են՝ տնտեսական ճգնաժամը (ինֆլյացիան գերազանցում է 43 տոկոսը), մարդու իրավունքների ահագնացող ոտնահարումներն ու ազատությունների սահմանափակումները, փետրվարի երկրաշարժը ու դրա ֆոնին ի հայտ եկած նոր կոռուպցիոն սկանդալները և այլն։

345856941_568586411817228_5404214432279334548_n.jpg (332 KB)

Փոխարենը նրա՝ արդեն երկար տարիների ընդդիմախոս Քեմալ Քըլըչդարօղլուն ավելի քան երբևէ այս ընտրություններում մոտ է լինելու հաղթանակին։ Վեց կուսակցություններից բաղկացած «Ազգային դաշինք»-ի կողմից առաջադրված քեմալական գործիչը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել է վերացնել Թուրքիայում Էրդողանի հաստատած միանձնյա կառավարումը, վերականգնել խորհրդարանի լիազորությունները, ֆինանսական համակարգի անկախությունը և վերակենդանացնել տնտեսությունը։ Միևնույն ժամանակ, Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ իրենց հաղթանակի պարագայում երկիրը կվերականգնի արտաքին քաղաքական արևմտյան ուղղվածությունը, իսկ սիրիացի փախստականները կվերադարձվեն Սիրիա։ Ուշագրավ է, որ այս ընտրություններում Քըլըչդարօղլուին սատարելու մասին հայտարարել է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը բավականին մեծ ընտրազանգված ունի երկրի արևելյան՝ քրդաբնակ շրջաններում։

Ընդամենը մի քանի ժամից պարզ կլինի, թե արդյոք Էրդողանը, ով երկարամյա հետևողական քաղաքականության արդյունքում իր ձեռքում է կենտրոնացրել կառավարման բոլոր լծակները, այդ թվում և՝ վերահսկողություն հաստատել լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի նկատմամբ,  կկարողանա պահպանել Թուրքիան ամենաերկարը կառավարած առաջնորդի տիտղոսը։

Նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակ տանելու համար հարկավոր է, որ թեկնածուն հավաքի ձայների 50 տոկոսը։ Հակառակ պարագայում մայիսի 28-ին տեղի կունենա նախագահի ընտրությունների 2-րդ փուլը, որին կմասնակցեն 1-ին փուլում ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները, իսկ կհաղթի առավելագույն քվե ստացած գործիչը։ Էրդողանից և Քըլըչդարօղլուից բացի, ընտրություններում մասնակցում է նաև  ATA դաշինքից Սինան Օղանը։ «Հայրենիք» կուսակցությունից (Memleket Partisi) ղեկավար Մուհարեմ Ինջեն ընտրություններից 3 օր առաջ՝ մայիսի 11-ին հայտնեց թեկնածությունը հանելու մասին։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 32 կուսակցություն՝ միավորված տարբեր դաշինքներում։

Ընտրություններին արտերկրում արդեն մասնակցել է  3,4 մլն ընտրողներից 1,7 մլն-ը, ինչը ավելին է նախորդ ընտրությունների 1,4-ի համեմատ։ Քվեարկությունը կավատրվի ժանը 17։00-ին, ինչից անմիջապես հետո կսկսվի քվեների հաշվարկը։

 

Արաքս Կասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]