Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

ՀԽՀԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստման մանրամասներ

ՀԽՀԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ 
խաղերի նախապատրաստման մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի Գործադիր կոմիտեի անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է նման հանդիպումների դրական դերը՝ նշանակալի համահայկական սպորտային միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

«Հանդիպման ընթացքում ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ մանրամասներ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում շեշտել է Հայաստանում համահայկական խաղերի և ընդհանրապես սպորտային ու մշակութային մասշտաբային միջոցառումների անցկացման կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և սերտացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առավել խորացման հնարավորություններն ու ուղղությունները: Հանրապետության նախագահն անմիջական մթնոլորտում պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, անդրադարձել համահայկական օրակարգային հարցերի շուրջ Հայաստանի և Սփյուռքի կառույցների միասնական և ներդաշնակ դիրքորոշումներ ունենալու կարևորությանը:

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել հայաստանյան պետական մարմինների և Սփյուռքի կառույցների փոխգործակցության մակարդակը հնարավորինս բարձրացնելու և արդյունավետ կառուցակարգերի ներդրման անհրաժեշտության մասին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am