Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Վարկերի տեղաբաշխում կատարելիս՝ բանկերն առաջնահերթ մտածում են ռիսկերը կառավարելի դարձնելու մասին․տնտեսագետ

Վարկերի տեղաբաշխում կատարելիս՝ բանկերն առաջնահերթ մտածում են ռիսկերը 
կառավարելի դարձնելու մասին․տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանկային գործունեության տրամաբանությունը հնարավորինս շատ ավանդներ ներգրավելն է ու վարկեր տրամադրելը։ Բանկը ռեսուրսը վերցնում է օգտագործելու, շահույթ ստանալու, այդ թվում՝ վարկային տեղաբաշխումներ կատարելու համար։ Եթե վարկային պորտֆելն աճում է ավելի դանդաղ տեմպերով, դա վկայում է բոլորովին այլ խնդիրների մասին, և եթե բանկերը զգուշավորություն են ցուցաբերում ավանդային ռեսուրսները որոշակի գործիքների մեջ տեղաբաշխելու տեսանկյունից՝ վկայում է ռիսկերը կառավարելի դարձնելու մասին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Արմեն Քթոյանը՝ անդրադառնալով բանկային համակարգում ավանդներին առնչվող ռեկորդային ցուցանիշներին։

Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ բանկային համակարգում ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել։ ՀՀ բանկերում պահվող ավանդները 2023-ի մայիսին հասել են 5 տրլն 147 մլրդ 288 մլն դրամի, ինչը 12 մլրդ 841 մլն դրամով շատ է ապրիլի ցուցանիշից, իսկ 2018 թ.–ի մայիսի համեմատ՝ ՀՀ դրամական ավանդների պորտֆելը գրեթե կրկնապատկվել է։

«Եթե դիտարկենք ավանդների կառուցվածքը, ապա հիշատակված գումարի 1,3 տրիլիոնը ոչ ռեզիդենտների ավանդներն են։ Ընդ որում՝ նախորդ տարվա մայիսի համեմատ՝  ոչ ռեզիդենտների ավանդներն ավելացել են 400 միլիոն դրամով, ինչը նշանակալի աճ է, դրանք հիմնականում արտարժույթով ավանդներն են։ Եթե դիտարկենք ռեզիդենտների ավանդները, ապա տարվա կտրվածքով ունենք մոտ 600 միլիարդ դրամի աճ, իսկ ցպահանջ ավանդների աճը կազմում է 300 միլիարդ դրամ»,- նշեց Արմեն Քթոյանը։

Նրա դիտարկմամբ՝ ոչ ռեզիդենտների ցուցանիշների աճը զգալիորեն պայմանավորված է ռելոկանտների այցելությամբ և նրանց դրամական միջոցների՝ մեր բանկերում ավանդադրմամբ ։ Դա նշանակում է, որ կա դրամական ռեսուրս, ինչը կարելի է ներարկել տնտեսության մեջ։ Ողջունելի է նաև ավանդների աճը ռեզիդենտների պարագայում։ Նախորդ տարի Հայաստանի տնտեսությունն արձանագրել է երկնիշ աճ, ինչը նշանակում է տնտեսական ակտիվության ընդլայնում երկնիշ տեմպով, որի պայմաններում մարդկանց խնայողությունները նույնպես մեծանում են, այդ թվում՝ ավանդների տեսքով ակտիվները։

«Բացի դրանից, ավանդների մեջ կան նաև կազմակերպությունների կողմից ցպահանջ հաշիվներում առկա գումարներ, այսինքն՝ ընթացիկ գործառնությունների և պարտավորությունների սպասարկման համար նրանք ունեն անվանդադրված միջոցներ, ինչը ևս վկայում է կազմակերպությունների տնտեսական գործունեության ընդլայնման մասին։ Այս ամենը տեղավորվում է տնտեսության զարգացման ընդհանուր տրամաբանության և միտումների մեջ, որոնք արձանագրվել են վերջին տարիներին։ Երբ խոսվում է 2018 թվականից ի վեր դրամական ավանդների պորտֆելի կրկնապատկման մասին և հաշվի է առնվում հնգամյա ժամանակահատվածը, ապա տարեկան աճը համապատասխանում է մոտ 14 տոկոսին, բայցևայնպես դա այն արտառոց աճը չէ, որը կարելի է համարել տնտեսական հրաշքի նախադրյալ»,- ընդգծեց տնտեսագետը։

Բանկերը լավ գիտակցում են ռելոկանտների գործոնը։ Եթե Հայաստան են եկել տասնյակ հազարավոր ռելոկանտներ և իրենց տնտեսական գործունեությունն իրականացնում են այստեղ, ապա բանկերն իրենց հերթին զգալի ռեսուրսներ են գեներացնում՝ ավանդների աճ ապահովելով նախորդ տարվա համեմատությամբ։ Նշված միջոցներն, ըստ Քթոյանի, տնտեսության վրա ունեն շոկային ազդեցություն, քանզի որոշ ժամանակ անց, եթե ռուս-ուկրաինական կոնֆլիկտը հանգուցալուծվի, կարող են սահմանափակվել: Բանկերն այդ հանգամանքը հաշվի են առնում՝ ցուցաբերելով զգուշավորություն։ Սա է պատճառը, որ բանկերը չեն շտապում ներգրավված ռեսուրսներն ամբողջ ծավալով ուղղել տնտեսության վարկավորմանը։

Վերջին տարիներին ԿԲ-ն իրականացնում է տոկոսադրույքների բարձրացման քաղաքականություն, ինչն իր հերթին վարկերի առանձին տեսակները պակաս գրավիչ է դարձնում։ Ավանդների պորտֆելի մեջ հիմնական աճը բաժին է ընկնում հիփոթեքային վարկավորումներին, ինչն իր հերթին պայմանավորված է եկամտահարկի վերադարձով։

«Բանկը ռեսուրս ներգրավում է շահույթ ստանալու համար, և եթե որոշում է այս կամ այն ուղղությամբ քիչ միջոցներ ծախսել, մնացորդային ակտիվներ պահել՝ պետական պարտատոմսեր ձեռք բերելով, ապա դա բանկի ընտրությունն է և նույնպես պայմանավորված է ռիսկերը կառավարելու հանգամանքով։ Պարզապես պետք է լինեն մեխանիզմներ, որպեսզի տնտեսության մեջ ձևավորված հավելյալ միջոցներն ավելի ակտիվորեն աշխատեն»,- եզրափակեց Արմեն Քթոյանը։             

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am