Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՆԱՏՕ-ն ռուս-ուկրաինական հակամարտության պարագայում երկու խնդիր է լուծում․ վերլուծաբանը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմավարության մասին

ՆԱՏՕ-ն ռուս-ուկրաինական հակամարտության պարագայում երկու խնդիր է 
լուծում․ վերլուծաբանը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմավարության մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն հակված չէ ռուս-ուկրաինական հակամարտությունն ավելի խորացնելու, ինչը սկզբունքորեն կարող է հանգեցնել Ռուսաստանի փլուզման, իսկ այդ դեպքում շատ բարդ կլինի միջուկային զենքին առնչվող խնդիրները լուծել։ Բացի դրանից, Ռուսաստանի մասնատումն անխուսափելիորեն կհանգեցնի նոր պատերազմների, որոնք կարող են անկառավարելի դառնալ, քանի որ ՆԱՏՕ-ի առանցքը հանդիսացող ԱՄՆ-ն չունի այլևս համաշխարհային նախկին լիդերի միակենտրոն դերակատարություն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց վերլուծաբան Նարեկ Ներսիսյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանն ու Հյուսիսատլանտյան դաշինքում Ուկրաինայի ինտեգրման գործընթացին և լիիրավ անդամակցության հեռանկարին։

Նշենք, որ Վիլնյուսում կայացել է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի առաջին նիստը, որի մեկնարկից առաջ Յենս Ստոլտենբերգը և Վլադիմիր Զելենսկին համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել՝ հայտարարելով երեք մասից բաղկացած փաթեթի մասին, որի շնորհիվ Ուկրաինան ավելի կմոտենա ՆԱՏՕ-ին անդամակցությանը։

«ՆԱՏՕ-ի ներսում այս պահին ամեն ինչ միանշանակ չէ։ Օրինակ՝ Հունգարիան խոչընդոտում է Ուկրաինային հատկացվող սպառազինության մատակարարումներին և ամեն ինչ անում է, որպեսզի ռուս-ուկրաինական հակամարտությունը օր առաջ հանգուցալուծվի, իսկ Թուրքիայի դիրքորոշումն առհասարակ փոխվում է ըստ Էրդողանի տրամադրության, թեև վերջինս գնահատում է իրավիճակը՝ ելնելով իր երկրի պետական շահերից։ ԱՄՆ-ն իր հերթին պետք է մինչև 2035 թվականը Չինաստանի հետ հարցերը կարգավորի, որովհետև վիճակագրության համաձայն՝ Չինաստանը նշված թվականին տնտեսությամբ կարող է գերազանցել Միացյալ Նահանգներին կամ առնվազն նրա հետ հայտնվել նույն դիրքերում»,- ասաց Ներսիսյանը։

Վերլուծաբանի կարծիքով՝ ՆԱՏՕ-ում առկա ընդհանուր շահերից զատ, յուրաքանչյուրն ունի իր հետաքրքրությունները, ուստի աշխարհաքաղաքական վերաբալանսավորման առումով պետք է հասկանել, թե յուրաքանչյուր պետություն ինչ նպատակներ ու խնդիրներ ունի կամ ինչ խաղ է խաղում։

Անդրադառնալով այն հակադարձմանը, որ ՆԱՏՕ-ն, դեմ լինելով ռուս-ուկրաինական երկարատև հակամարտությանը, այնուամենայնիվ շարունակում է սպառազինություն տրամադրել Ուկրաինային և ամեն կերպ աջակցել ուկրաինական ԶՈՒ-ին, Ներսիսյանը հորդորեց ուշադրություն դարձնել, թե հատկապես ինչ սպառազինություն է մատակարարվում Կիևին։

«Չեմ կարծում, որ 300 տանկը կամ հետևակի 500 մարտական մեքենան կարող են բալանսի առումով էապես որևէ բան փոխել։ Օդային գերակայության համար նախատեսված հրթիռները նույնպես եղանակ չեն փոխում։ Առկա է նաև F-16 ինքնաթիռների խնդիրը, որոնք մինչ օրս չեն տրամադրվել Ուկրաինային։ Մեկ տարվա ընթացքում հաստատ կարող էին օդաչուներ պատրաստել օդային գերակայություն ստանալու համար։ Ռուսաստանին զսպելու նպատակով մատակարարվող սպառազինությունն Ուկրաինայի համար անշուշտ կարևոր է, սակայն առավելություն ստանալու համար համարժեք զինատեսակների առկայությունը դեռ տեսանելի չէ։ Անգամ հրթիռները հարվածային ուժի առումով 250 կիլոմետրը չեն գերազանցում։  Պարզապես ՆԱՏՕ-ն, աջակցելով Ուկրաինային, չի ցանկանում, որ ընդհանուր աշխարհաքաղաքականությունը փոփոխվի, այսինքն՝ երկրների սահմանները փոխվեն այնպես, ինչպես Ուկրաինայի դեպքում»,- ասաց վերլուծաբանը։

Ներսիսյանի կարծիքով՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի քաղաքական առևտուր տեղի կունենա Հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի միջև, որը կառնչվի պատերազմը դադարեցնելու կանոններին, քանզի դրա երկարաձգմամբ հակամարտող կողմերն անշուշտ շահագրգռված չեն։ Վերլուծաբանը չի բացառում, որ պատերազմի ավարտից հետո կողմերին 15-20 տարի բանակցելու հնարավորություն կտրվի և այդ ելակետային պահն էլ կօգտագործվի Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու կամ չընդգրկելու հարցը քննարկելու համար։

«Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների սահմանափակ ռազմական ռեզերվներին առնչվող հայտարարությունը որոշ առումով ապատեղեկատվություն է։ Դա արվում է Ուկրաինային համոզելու համար։ Եթե նայենք, օրինակ, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի ռազմական ծախսերին, ապա կլինի բոլորովին այլ պատկեր։ Ֆրանսիան իր հերթին ռազմական ծախսերն ուղղակի քառապատկել է։ Սա նշանակում է, որ հաջորղ տարվանից ռեզերվների սակավության խնդիր չի լինի։ Ուկրաինային աջակցելով՝ Արևմուտքը պարզապես երկու խնդիր է լուծում։ Մի կողմից դեմ է պետությունների սահմանների խախատմանն ուժային տարբերակով, մյուս կողմից հակված չէ անչափ շատ երկարաձգել ռուս-ուկրաինական հակամարտությունը և կկանգնի այն ժամանակ, երբ տեսնի, որ Ռուսաստանը նույնպես պատրաստ է գոնե միջնաժամկետ հատվածում դադարեցնել ռազմական գործողությունները»,- եզրափակեց վերլուծաբանը։         

Մանվել Մարգարյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am