Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրներից Հայաստանում են. մեկնարկել է Ազգային երիտասարդական համաժողովը

600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրներից Հայաստանում են. 
մեկնարկել է Ազգային երիտասարդական համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ավելի քան 50 երկրներից  18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ՝ համայնքային, գիտական, կրթական, մշակութային և այլ շրջանակներից,  «Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար» կարգախոսի ներքո Հայաստանում են. մեկնարկել է առաջին անգամ անցկացվող Ազգային երիտասարդական համաժողովը:

221087.jpg (738 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  համաժողովը  կազմակերպվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից և կտևի մինչև օգոստոսի 3-ը ներառյալ:

Համաժողովին հրավիրված են նաև 100 բանախոսներ 15-ից ավելի երկրներից:             

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ողջունելով բոլոր ներկաներին,  ընդգծեց, որ համաժողովի նպատակն է հնարավորություն ընձեռել սփյուռքի հայ երիտասարդությանը՝ մասնակցելու Հայաստանի զարգացման գործընթացին, կապեր հաստատելու և հզորացնելու միմյանց, ինչպես նաև ոգևորելու, ընդլայնել իրենց աշխատանքը և ներգրավվածությունը համայնքներում:

«Համաժողովի նախապատրաստական աշխատանքներում, այդ թվում օրակարգի մշակման և բանախոսների ընտրության գործընթացներում ներգրավված են եղել Հայաստանի և սփյուռքի տարբեր շրջանակները ներկայացնող երիտասարդներ: Գրասենյակի փորձագետներից և 12 երկրների երիտասարդներից կազմված խորհրդատվական մարմինն ամիսներ շարունակ աշխատել է համաժողովի օրակարգային հարցերի մշակման ուղղությամբ: Համաժողովին արծարծվող թեմաներն ընդգրկելու են երիտասարդության դերին, երիտասարդների ներգրավվածության մոդելներին, հայկական շահերի պաշտպանությանը և ազգային անվտանգությանը, Հայաստան-սփյուռք հարաբերություններին, ինքնությանը, գիտության և կրթության զարգացմանը, տեխնոլոգիական առաջընթացին, հայրենիքում առկա հնարավորություններին, հայրենադարձությանը և այլ ոլորտներին առնչվող հարցեր»,- նշեց Սինանյանը:

Աստղաֆիզիկոս, «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանն, ով համաժողովի հատուկ հյուրերից էր, նախագիծը  չափազանց կարևոր է համարում և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի երիտասարդների համար:

«Վերջին տարիներին Հայաստանում ես միշտ հանդիպել եմ  սփյուռքի  տարբեր ֆորումներ, բայց դրանք միշտ եղել են ինչ-որ կոնկրետ թեմաներով և երիտասարդներին չեն ներգրավել և սա առաջին անգամ է, որ Հայաստանում տեղի է ունենում սփյուռքի երիտասարդների ֆորում՝ Հայաստանում բնակվող երիտասարդների հետ միասին, սա իմ կարծիքով շատ կարևոր է և ավելի շուտ  պետք է իրականացվեր:

Մենք միշտ ասել ենք, որ երիտասարդությունը մեր ապագան է, բայց դա այդպես չէ, այսօրվա երիտասարդությունը մեր ներկան է, քանի որ ժամանակները շատ են փոխվել ու այսօր տեխնոլոգիաների զարգացման, ինֆորմացիայի հասանելիության և շատ այլ գործոնների հաշվին՝  15-16 տարեկան  երիտասարդները ընդունակ են շատ ավելին անելու, քան 20 տարի առաջ: Եվ դա հաշվի առնելով՝ շատ կարևոր է, որ  այսօր բոլոր հարթակներում լսել և որոշումների կայացմանը մասնակից դարձնել  երիտասարդներին»,- նշեց Իսրայելյանը:

Համաժողովի մասնակիցներից Ռուսաստանաբնակ Վրեժ Ֆահրադյանը նման հավաքներում կարևոր է համարում նոր ծանոթների հետ շփումները:

«Առաջին անգամ 2022 թվականին մասանկցեցի Համաշխարհային հայկական գագաթնաժողովին ու ինձ համար նպատակ դրեցի, որ  պետք է գալ Հայաստան, օգտագործել բոլոր հնարավոր տարբերակներն ու օգտակար լինել իմ հայրենիքին: Հիմա ես զգում եմ, որ Հայաստանն ունի տարբեր մասնագետների և մարդկանց կարիքն, ովքեր կարող են հայրենիքին օգտակար լինել   ու նրանք այսօր այստեղ են և պետք է Հայաստանը կարողանա այս ռեսուրսը ճիշտ օգտագործել: Այսօր այստեղ հավաքվել են տարբեր ոլորտի մասնագետներ, ովքեր նույնպես իրենց երկրներում ու համայնքներում կարող են քայլեր ձեռնարկել, իրենց ընկերների և շրջապատի շնորհիվ ծրագրեր ու մի շարք համագործակցություններ բերել Հայաստան»,- նշեց նա:

Վրեժ Ֆահրադյանն ընդգծեց, որ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի շրջանակում արդեն  Հայաստանում է:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Ազգային երիտասարդական համաժողովի երեք օրերն ընթանալու են ինտերակտիվ և ներառական ձևաչափով, որոնց ընթացքում տեղի կունենան պանելային նիստեր, քննարկումներ, հանդիպումներ, պրեզենտացիաներ, աշխատաժողովներ, ինչպես նաև էքսպոներ, կապերի հաստատման և մշակութային միջոցառումներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am