Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Սևանի ափին երկրորդ տարին անընդմեջ կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը

Սևանի ափին երկրորդ տարին անընդմեջ կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» 
սիրողական լողի մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երկրորդ տարին անընդմեջ անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Հատկանշական է, որ այս տարվա մրցաշարը նաև միջազգայնացվել էր, քանի որ ընդհանուր հաշվարկով մասնակցության իրավունք ունեին թե՛ ՀՀ քաղաքացիները, թե՛ օտարերկրացիները: Միակ սահմանափակումն այն էր, որ մասնակիցները պետք է ընդգրկված չլինեին լողի միջազգային սանդղակում և վերջին հինգ տարվա ընթացքում մասնակցած չլինեին Հայաստանի առաջնություններին ու միջազգային մրցաշարերին:

GEV_6746.jpg (849 KB)

Սևանա լճի ափին սիրողական լողի մրցաշարն անցկացվեց կանանց ու տղամարդկանց երկու տարիքային խմբերով`18-ից 40 տարեկան և 41-ից բարձր տարիքի (ընդհանուր թվով 130 մասնակից, որոնցից 33-ը՝ կին): Կանայք հաղթահարեցին 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածքը: Մասնակիցներին խրախուսելու նպատակով սահմանվել էին նաև դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերում՝ առաջինից 10-րդ տեղերը գրաված մասնակիցների համար: Ըստ այդմ՝ 1-ին տեղ՝ 1.000.000  դրամ, 2-րդ տեղ՝ 500.000  դրամ, 3-րդ տեղ՝ 300.000  դրամ, 4-րդ տեղ՝ 100.000  դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000-ական  դրամ: Խրախուսիչ մրցանակներ էին սահմանվել նաև մրցաշարի ամենատարեց կին և տղամարդ մասնակիցների համար: Մրցաշարին մասնակցեցին լողորդներ ՀՀ բոլոր մարզերից: Այդուհանդերձ նրանց թվում գերակշռում էին Երևանից ժամանած մարզիկները:

GEV_6748.jpg (1.00 MB)

Խոսելով մրցաշարի մասին՝ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում մասնավորապես նշեց, որ բաց ջրում լողն ընդհանրապես շատ բարդ տեսակ է, առավել ևս եթե ջուրը քաղցրահամ է ու ծանր, բայց քանի որ զգացվում է տոնական շունչ ու մասնակիցների ավելացում, գուցե սա լավագույն տարբերակն է մարդկանց առողջ ապրելակերպի հարթակ բերելու և հատկապես տվյալ մարզաձևին հաղորդակից դարձնելու առումով, որովհետև այն ամենաառողջարար մարզաձևերից մեկն է: Վստահաբար նման մրցաշարերն, ըստ նրա, օգտակար են և ապագայում շատ ավելի ներկայացուցչական ու բազմաքանակ կլինեն:

«Վիճակագրությունը վկայում է, որ Հայաստանում շատ ցածր է լողալ իմացողների քանակը: Գուցե բոլորին լողորդ չդարձնենք, բայց գոնե ջրի մեջ մտնել, մարմինը ջրի մակերեսին պահել ու լողալ իմանալը պարտավոր են բոլորը: Նման մրցաշարերով մարդկանց մեջ սեր ու հետաքրքրություն կառաջացնենք դեպի լողը»,- ասաց փոխնախարարը:  

Լողափին միանշանակ տիրում էր տոնական մթնոլորտ: Ներկաների պնդմամբ՝ անցյալ տարվա համեմատ բազմապատիկ անգամ ավելի շատ մարդիկ կային: Եթե շատերը չէին համարձակվում մտնել ջուրը, ապա գոնե մեծ հետաքրքրությամբ արդեն եկել էին՝ հասկանալու, թե ինչ է կատարվում շուրջը, որպեսզի ապագայում մրցաշարին մասնակցելու քայլեր ձեռնարկեին:

GEV_6747.jpg (1.86 MB)

Նշենք, որ 18-ից 40 տարեկան կանանց մրցաշարում առաջին տեղը գրավեց Անահիտ Բարսեղյանը, երկրորդ տեղը՝ Անի Ավետիսյանը, երրորդը՝ Ամալյա Բարիկյանը: 41 տարեկանից բարձր տարիքի կանանց մրցաշարում հաղթող ճանաչվեց Սրբուհի Վարդանյանը, երկրորդ տեղը գրավեց Մարգարիտա Խոստիկյանը, իսկ երրորդը՝ Յուլիա Միխեևան: 18-ից 40 տարեկան տղամարդկանց մրցաշարում առաջին տեղը գրավեց Մկրտիչ Ոսկանյանը, երկրորդ տեղը՝ Շահեն Խոնդկարյանը, երրորդը Կարեն Երանոսյանը: 41 տարեկանից բարձր տարիքի տղամարդկանց մրցաշարում հաղթող ճանաչվեց Անդրանիկ Խաչատրյանը, երկրորդ տեղը գրավեց Արմեն Հանեսօղլյանը, իսկ երրորդը՝ Արա Աբրահամյանը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am