Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Նախարարը ցուցումներ է տվել լայնածավալ անհատական աշխատանքներ կատարել ԶՈՒ-ում արատավոր բարքերը չեզոքացնելու ուղղությամբ

Նախարարը ցուցումներ է տվել լայնածավալ անհատական աշխատանքներ 
կատարել ԶՈՒ-ում արատավոր բարքերը չեզոքացնելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ օգոստոսի 29-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ զինված ուժերում կարգապահության վիճակի և առկա խնդրահարույց հարցերի վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, բացելով նիստը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ քննարկվող հարցերը չափազանց կարևոր են զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացման և ամրապնդման գործում։

Ըստ աղբյուրի՝  պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են զեկույցներ՝ անդրադառնալով ԶՈՒ կարգապահության վիճակին, խնդիրներին և դրանց բարելավմանն ուղղված աշխատանքներին։

 Լսելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի, զորամիավորումների հրամանատարների զեկույցները՝ պաշտպանության նախարարը խիստ ցուցումներ է տվել զորամիավորումների և զորամասերի հրամանատարներին, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ ներդնելու առավելագույն ջանքեր՝ անձնակազմի շրջանում լայնածավալ անհատական աշխատանքներ կատարելու, արատավոր բարքերը չեզոքացնելու, ի հայտ եկած խնդիրները լուծելու ուղղությամբ։

Սուրեն Պապիկյանը հանձնարարել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի շրջանում շահագրգիռ ստորաբաժանումների ներգրավմամբ կազմակերպել լրացուցիչ, անհետաձգելի միջոցառումներ և ուսումնասիրություններ՝ վեր հանելու համար հնարավոր բոլոր խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ ծառայության կրման ընթացքում և հանգեցնել անցանկալի հետևանքների, դեպք-պատահարների։

 Խորհրդակցության ավարտին նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am