Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ԱՄՆ մի շարք քրիստոնեական համայնքների առաջնորդներ նամակ են ուղարկել Բայդենին՝ շրջափակման կապակցությամբ

ԱՄՆ մի շարք քրիստոնեական համայնքների առաջնորդներ նամակ են 
ուղարկել Բայդենին՝ շրջափակման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք քրիստոնեական համայնքների առաջնորդներ օգոստոսի 29-ին նամակ են ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ խորը մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակի հեղինակները կոչ են անում ԱՄՆ նախագահին օգտագործել իր ողջ ազդեցությունը՝ վերջ դնելու Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանն Ադրբեջանի կողմից, ինչպես նաև ջանքեր գործադրել՝ հասնելու հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։

«Խնդրում ենք Ձեզ շտապ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Արցախի շրջափակումը, տրամադրելու անհրաժեշտ մարդասիրական օգնություն և երաշխավորելու, որ այդ կենսական նշանակության բեռը տեղ հասնի, վերջ դնելու Արցախի ժողովրդի տառապանքներին և կանխելու սողացող ցեղասպանությունը, որի ականատեսն ենք մենք։ Հորդորում ենք անել հնարավորը՝ միջազգային գործընկերների և Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունների հետ համագործակցությամբ այս շարունակվող քաղաքական ճգնաժամին և հումանիտար աղետին անհապաղ դիվանագիտական լուծում գտնելու համար», - գրված է նամակում։

Փաստաթղթում հղում է արվում նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կողմից վերջերս հրապարակված զեկույցին, որում ներկայացվում է Ադրբեջանի իշխանությունների գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը և արձանագրվում, որ «հիմք կա ենթադրելու, որ ցեղասպանություն է իրագործվում»։ Նշվում է նաև, որ Արցախի շրջափակումը դատապարտել են ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները, «Human Rights Watch», «Amnesty International», «Freedom House» և «Lemkin Institute for Genocide» հեղինակավոր միջազգային կազմակերպությունները, ԱՄՆ Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը։

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am